Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարին դատապարտել են 7.5 տարվա ազատազրկման
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը դատապարվել է ևս 43 ամսվա ազատազրկման ԱՄՆ ընտրություններին ռուսական հնարավոր միջամտության գործի հետաքննության շրջանակներում: Այս մասին հայտնում է BBC-ն: Ավելի վաղ Մանաֆորտին արդեն դատապարտել էին գրեթե 4 տարվա ազատազրկման ֆինանսական հանցագործությունների համար: Այսպիսով, Փոլ Մանաֆորտը ճաղերի հետևում կանցկացնի 7.5 տարի:
Մանաֆորտը Թրամփի խմբի և Կրեմլի միջև հնարավոր դավադրության գործով կասկածյալներից մեկն է: Այսպես կոչված, ռուսական գործով հետաքննությունը վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը: Մանաֆորտին մեղադրում են նաև Ուկրաինայում ռուսամետ քաղաքական գործիչների օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու մեջ:
Մինչև Թրամփի հետ համագործակցելը ՄանաՖորտը աշխատել է Վիկտոր Յանուկովիչի մոտ, երբ վերջինս Ուկրաինայի նախագահն էր:
Նյու Յորքի նահանգում էլ Մանաֆորտին մեղադրել են հիփոթեկային խարդախությունների մեջ:
ԱՄՆ նախագահը իրավասություն ունի ներում շնորհել Մանաֆորտին դաշնային հանցագործությունների համար, սակայն ոչ Նյու Յորքում առաջադրված մեղադրանքների: Թրամփը հայտնել է, որ Մանաֆորտին ներում շնորհելու մասին դեռ չի մտածել:
«Այս պահի դրությամբ ես այդ մասին չեմ մտածել: Այս պահին ես նման միտք չունեմ», – ասել է Թրամփը՝ շեշտելով, որ շատ է ցավում Փոլ Մանաֆորտի համար: