Տիգրան Խաչատրյանը Մոսկվայում քննարկել է որոշ ապրանքների մասով միանական եվրասիական բրենդի ստեղծման հնարավորությունները
Մարտի 13-ին` Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության ոլորտի նախարարների հանդիպումը, որին մասնակցել են Միության բոլոր երկրների կառավարությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները։
Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են տնտեսության գերակա ոլորտներում ներմուծման փոխարինման իրականացմանն առնչվող հարցեր:
Այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու ԵՏՄ երկրների կոնկրետ առաջարկներն այն ապրանքների փոխարինման մասով, որոնք նախկինում Ռուսաստանը ներկրում էր երրորդ երկրներից։
Քննարկվել է անդամ երկրների հնարավոր մասնակցությունը Ռուսաստանում մշակված արդյունաբերության ոլորտում պետական տեղեկատվական համակարգին, անդրադարձ է եղել ԵՏՄ-ում միասնական արդյունաբերական քաղաքականության ձեւավորման հեռանկարներին։ Մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ որոշ ապրանքների մասով միանական եվրասիական բրենդի ստեղծման հնարավորությունների վերաբերյալ՝ դեպի երրորդ երկրներ ավելի արդյունավետ արտահանում իրականացնելու նպատակով։