Եթովպիայում կործանված ինքնաթիռի «սև արկղերը» կուղարկվեն Ֆրանսիա
Եթովպիայում՝ Boeing 737 MAX ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերված «սև արկղերը» (բորտային ինքնագրիչ) կուղարկվեն Ֆրանսիա։ Այս մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի անվտանգության վերլուծման հարցերով ֆրանսիական բյուրոն (BEA)։
Ինչպես նշում է TASS գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին, բյուրոն կզբաղվի ինքնագրիչների ապակոդավորմամբ և անձնակազմի զրույցի ձայնագրության վերծանմամբ։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Ethiopian Airlines-ի ներկայացուցչին, հայտնել էր, որ ինքնագրիչները կուղարկվեն Գերմանիա։
Հիշեցնենք, որ Ethiopian Airlines-ի Boeing 737 MAX ինքնաթիռը կործանվել էր թռիչքից րոպեներ անց։ Զոհվել է 35 երկրի 157 քաղաքացի։ Վթարի պատճառները պարզվում են։