Վրաստանը հասել է Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման սակագնի բարձրացման
«Գազպրոմի» հետ բանակցություններն ավարտվել են: Վրաստանն առաջիկայում պայմանագիր կկնքի ռուսական պետական գազային ընկերության հետ: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Նաթիա Թուրնավան:
«Տարանցման գինը, որը Ռուսաստանը վճարում է մեզ գազի փոխադրման համար ավելացել է, իսկ ռուսական գազի գինը իջեցվել է… Դա այն դեպքի համար, եթե որևէ մասնավոր բիզնես կհետաքրքրվի այդ այլընտրանքով», – ասել է Թուրնավան:
Նրա հայտարարությամբ՝ «Գազպրոմի» հետ ստորագրվել է գազի մատաակարարման երկամյա պայմանագիր՝ մինչև 2020թ․-ը: Սակայն հրաժարվել է հայտնել սակագինը, պնդելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է:
«Բանակցություններն ավարտվեցին մեր օգտին: Տարանցման արժեքն ավելացել է… Մեր թիմը, որը բանակցություններ էր վարում նրանց հետ, լավ է օգտագործել նավթի համաշխարհային գների դինամիկան: Գների որոշակի նվազեցում կար, համապատասխանաբար որոշ զիջումների պատրաստակամություն կար, և մենք այդ պահից լավ օգտվեցինք: Մեր շուկայի մեծ մասը ներկայացնում է բնակչությունը: Հենց այդ հատվածն էլ կապահովվի ադրբեջանական գազով, և դրա ռեսուրսը մենք ունենք: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, բիզնեսին եւ արտադրությանը, ապա դա կկարգավորվի շուկայով: Խոսակցություններն այն մասին, թե ռուսական գազը մեծ ծավալով մուտք կգործի մեր շուկա՝ բացառվում է»,- հայտարարել է Թուրնավան:
Նշենք հետաքրքիր մի փաստ ևս: Ըստ «Կոմերսանտի» վստահելի աղբյուրի՝ վերջին երկու տարիների ընթացքում Վրաստանում սպառման աճը հիմնականում ծածկված է ռուսական գազով, սակայն Վրաստանը դա ստանում է Ադրբեջանով: Ադրբեջանի SOCAR ընկերությունն ավելացրել է «Գազպրոմից» մինչև 1 մլրդ խորանարդ մետր գազի ձեռքբերումը (պայմանագրով նախատեսված ամենաբարձր սահմանով): Բաքուն ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը նաև 2019 թ,, սակայն բանակցությունների արդյունքների մասին չի հաղորդվում: Ադրբեջանական իշխանությունները ակնկալում են, որ մինչև 2020 թվականը «Շահ Դենիզ-2» նոր հանքավայրում արտադրության աճը կկարողանա ծածկել ինչպես տարածաշրջանի սպառման ծավալները, այնպես էլ Թուրքիա և Հարավային Եվրոպա 16 մլրդ խորանարդ մետր առաքման պարտավորությունները: