Անգամ Ադրբեջանի զորավարժությունները չենք համարում խոչընդոտ և պատրաստ ենք գնալ բանակցությունների. Իգիթյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում խոսք չկա զուտ բանակցությունների մասին. բոլոր կետերը ուղղված են մթնոլորտի ստեղծմանը, որտեղ կողմերը կարող են բանակցել: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ հնչեցված մոտեցումները որեւէ ուղղակի կապ չունեն բանակցային պրոցեսի հետ:
«Սեղանի շուրջ կողմերը հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց տեսակետը: Այսօր համանախագահներն ասում են եւ մենք որպես կողմեր պետք է համաձայնենք, թե ինչ քայլեր պետք է արվեն, որ քառօրյա պատերազմի ժամանակ խաթարված մթնոլորտը վերականգնվի: Այնտեղ հստակ նշված է, թե ինչ պետք է անեն, պետք է ռազմատենք հռետորությունից հրաժարվեն եւ այլն»,-ասաց նա:
Նա նկատեց, որ Հայաստանն արձագանքել է Ադրբեջանի կողմից զորավարժություններ անցկացնելուն. «Բայց դա չի նշանակում, որ մենք պայման ենք դնում, որ քանի որ դուք անում եք զորավարժություններ, մենք չենք գնում բանակցությունների: Համանախագահների հայտարարությունում էլ նշված է, որ որեւէ այդպիսի հայտարարություն չպետք է խանգարի, որ կողմերը նստեն բանակցությունների սեղանին: Ադրբեջանի զորավարժությունները կտրուկ հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, բայց նույնիսկ դա չենք համարում խոչընդոտում, որ պատրաստ ենք գնալ բանակցությունների»:
Իգիթյանը նշեց, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը պատասխան չէր ոչ Ադրբեջանի զորավարժություններին, ոչ էլ համանախագահների հայտարարությանը, քանի որ այդ նիստը այնքան տրամաբանական էր, որ իր համար անհասկանալի է, թե ինչու մինչեւ հիմա այդպիսի նիստեր չեն եղել. «Չեմ համարում, որ այդ համատեղ նիստն ուղերձ ր արտաքին աշխարհին: Դա աշխատանքային հանդիպումներ են երկու երկրների, որոնք ունեն շատ համատեղ հարցեր քննարկելու»: