Պավլիկ Մանուկյանը հեռացվեց դահլիճից
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների գործով դատաքննությունը շարունակվում է տուժողների հարցաքննությամբ: Դատարանն այսօր լսել է Հովսեփ Սարգսյանին, ով 2016 թվականի հուլիսին աշխատել է ՊՊԾ գնդում որպես ոստիկան: Այժմ էլ աշխատում է նույն տեղում: Դեպքի օրը ծառայություն էր իրականացնում Ալեք Մանուկյան փողոցում: Առավոտյան ժամը 03․00-ի սահմաններում ռադիոկապի միջոցով տեղեկացել է, որ հարձակում է եղել գնդի վրա: Գնացել է այնտեղ: «ԿՊՊ»- ի մոտ նկատել է, որ «Կռազը» մխրճվել է գնդից ներս: Մեքենայի անվադողի մոտ կանգնած է եղել Մարտիրոս Հակոբյանը: Տուժողը կրակահերթ է լսել: Լսել է նաև, որ գոռում են` «Պառկե՛ք կկրակենք, պառկե՛ք, կսատկացնենք»:
«Կոնկրետ դուք ի՞նչ վնաս եք կրել»,- հարցրեց ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը: Տուժողն ասաց. «Աստված մեծ էր, որ կրակոցները չկպան ինձ: Ես պատկերացնում եմ իմ ծնողների վիճակը: Կոնկրետ ես բարոյական վնաս չեմ կրել, նյութական վնաս էլ չեմ կրել»: Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հարցրեց. «Դուք ձեզ ազգի դավաճան զգու՞մ եք»: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ տուժողին վիրավորական արտահայտություն ուղղելու համար և 5 ժամով հեռացրեց դահլիճից: