Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
Այսօր հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ 1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն: Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները:
Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները: 1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը: 1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները:
Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ: Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: