Պակիստանի բանակը պահպանում է մարտական բարձր պատրաստության ռեժիմը Հնդկաստանի հետ սահմանին
Պակիստանի ռազմական ավիացիան և ցամաքային զորքերը շարունակում են մնալ մարտական բարձր պատրաստության վիճակում՝ չնայած այն բանին, որ արդեն անցել է 2 շաբաթ Պակիստանի Բալակոտ քաղաքի գրոհայինների ճամբարի վրա հնդկական կողմի հասցրած ավիահարվածներից հետո: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:
«Արևելյան հատվածում գտնվող F-16 կործանիչները գտնվում են մարտական վիճակում: Պակիստանի զինված ուժերի բանակային կորպուսի 10-րդ մասի և բրիգադի ուժերը շարունակում են տեղակայվել Քաշմիրի պակիստանյան հատվածի վերահսկողության գծում»,- հայտնել է հնդկական ռազմական աղբյուրը:
Հաղորդվում է, որ F-16 ինքնաթիռները, որոնք Իսլամաբադը ստացել էր ԱՄՆ-ից և Հորդանանից, Հնդկաստանի հետ սահմանի ավիաբազաներում բերված են պատրաստության:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները լարվել էին փետրվարին, երբ Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան պայթեցրել էր 78 մեքենայից կազմված ռազմական ավտոշարասյան հարևանությամբ: Ահաբեկչության զոհ էր դարձել 46 մարդ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել էր «Ջաիշ է Մուհամմեդ» խմբավորումը: