Քանի դեռ Բաքուն չի ուզում Ստեփանակերտի հետ բանակցել, մենք որևէ հարց միջնորդավորված ձևով չենք քննարկելու․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ Tert.am-ը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ:
Քանի դեռ Բաքուն չի ուզում Ստեփանակերտի հետ բանակցել, մենք որևէ հարց միջնորդավորված ձևով չենք քննարկելու․ Արայիկ Հարությունյան:
«Բայց նրանք շատ լավ հասկանում են, որ մինչև Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, հիմնախնդրի վերջնական կարգավորման առումով ոչինչ չի կարելի ակնկալել»,- Tert.am-ին ասել է նա:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ քանի որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները դեմ են Արցախի լիարժեք մասնակցությանը բանակցային պրոցեսին, համանախագահները հայտարարության մակարդակով ընդամենը հարցը տեղափոխում են բանակցային դաշտ:
«Բայց նրանք շատ լավ հասկանում են, որ մինչև Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, հիմնախնդրի վերջնական կարգավորման առումով ոչինչ չի կարելի ակնկալել»,- ասել է նա:
- Պարո՛ն Հարությունյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շաբաթ օրը հայտարարություն են տարածել, որով նաև մի շարք կոչեր են հնչեցրել ԼՂ բանակցային գործընթացում ներգրավված կողմերին: Ձեր ընկալմամբ՝ ի՞նչ առիթով էր արված հայտարարությունը, արդյոք այն առավել շատ ուղղված էր կողմերից մեկի՞ն, թե համանախագահները փորձել էին պահել հավասարակշռությունը։
- ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածված «ընդարձակ» հայտարարության հիմնական ազդակը, կարծում եմ, վերաբերում էր Փաշինյան-Ալիև առաջիկա առաջին պաշտոնական հանդիպմանը: Դրան ընդառաջ՝ փորձ է արվում վերսկսելու արդեն շատ երկար ժամանակ ընդհատված բանակցությունները և ողջունելի է, որ խոսվում է դրանց բովանդակություն հաղորդելու անհրաժեշտության մասին։ Սակայն թե՛ գործող ձևաչափի և թե՛ նախկինում քննարկված սկզբունքների վերաբերյալ կատարված շեշտադրումների առումով մեր մոտեցումները չեն փոխվել, և դրանք պետք է վերանայվեն: Հակառակ պարագայում բանակցային պրոցեսի նոր մեկնարկը կրկին որևէ դրական արդյունք չի ապահովի:
Հայտարարությունը միանշանակ պահպանում էր կողմերի միջև հավասարակշռությունը, և դա լիովին տեղավորվում է միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպության գործելաոճի մեջ:
-Պարո՛ն Հարությունյան, հայկական կողմի ուշադրությունը գրավեց համանախագահների հայտարարությունից մի հատված, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ հայտարարություններից ու քայլերից, որոնք ենթադրում են իրավիճակի էական փոփոխություններ, նախապես վճռում են ապագա բանակցությունների ելքը կամ դրանց համար պայմաններ են սահմանում, առանց մյուս կողմի հետ համաձայնեցման միակողմանի փոփոխություններ են պահանջում գործող ձևաչափի համար:
- Համանախագահները այդ կոչով դիմել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, որոնք բանակցային գործընթացի առթիվ վերջին շրջանում հանդես էին եկել հայտարարություններով:
Սակայն, եթե վերլուծենք այդ հայտարարությունների էությունը, ապա պատկերը հետևյալն է. ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը արդյունավետ գործընթաց ապահովելու համար, Ադրբեջանի ղեկավարը կրկին հակադարձում է հոխորտանքներով և սպառնում հակամարտության ելքը վճռել ռազմական ճանապարհով: Այս տրամագծորեն հակառակ տրամաբանության մեջ է ամբողջ խնդիրը, որն անցած տարիների ամբողջ ընթացքում միայն հեռացրել է իրարից կողմերի մոտեցումները: Արդյունքում առայսօր ձեռք բերված գրեթե բոլոր պայմանավորվածությունները, մասնավորապես, Վիեննայում, այնուհետեւ Սանկտ-Պետերբուրգում և ապա Ժնևում կայացած համաձայնությունները չեն հարգվում Բաքվի կողմից։
- Ի՞նչ եք կարծում, արդյոք սա ակնհայտ չի՞ նշանակում, որ համանախագահները հրաժարվում են ընդառաջ գնալ Հայաստանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկին: Ինչպե՞ս պետք է դրան արձագանքի հայկական կողմը:
- Համանախագահներն ընդամենը ցանկանում են պահպանել զգուշավորություն, քանի որ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ փորձել է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Քանի որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները դեմ են Արցախի լիարժեք մասնակցությանը բանակցային պրոցեսին, համանախագահները, իմ կարծիքով, հայտարարության մակարդակով ընդամենը հարցը տեղափոխում են բանակցային դաշտ: Բայց նրանք շատ լավ հասկանում են, որ մինչև Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ հիմնախնդրի վերջնական կարգավորման առումով ոչինչ չի կարելի ակնկալել: Եվ այդ համատեքստում պետք է դիտարկել, որ տարածաշրջանային նրանց գրեթե բոլոր այցերի ընթացքում Արցախի իշխանությունների հետ հանդիպումները կրում են պարտադիր բնույթ:
- Ըստ համանախագահների՝ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի 2009-2012 թթ. համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերը, որոնք ենթադրում են նաև ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ ապահովող միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար: Ի՞նչ վերաբերմունք ունի Արցախը այս հայտարարության վերաբերյալ:
- Ես հարցին արդեն անդրադարձա: Պնդում եմ, որ դա կառուցողական մոտեցում չէ, և վերադարձ անցյալին չի լինելու: Ու սա միայն Արցախի իշխանությունների մոտեցումը չէ, այդպես են մտածում Արցախում ապրող քաղաքացիները, այդպես է մտածում ողջ հայ ժողովուրդը: Իհարկե, մենք դրանով չենք փակում երկխոսության դուռը, բայց քանի դեռ Բաքվի իշխանությունները չեն ուզում պաշտոնական Ստեփանակերտի հետ բանակցել, մենք որևէ հարց միջնորդավորված ձևով չենք քննարկելու:
- Դուք համաձա՞յն եք այս օրերին հնչող կարծիքների հետ, թե հայկական կողմն այս հայտարարությունից հետո կանգնելու է փակուղու առջև: Ձեր կարծիքով՝ ի՞նչպես պետք է վարվեն հայկական կողմերը:
- Հակամարտության պատմության ընթացքում մենք բազմիցս համոզվել ենք, որ Ադրբեջանի իշխանությունները հետևողական կերպով միշտ տապալել են բանակցային գործընթացի խաղաղ կարգավորման բոլոր առաջարկները: Իսկ 2016 թ. նրանց կողմից սանձազերծված Ապրիլյան ռազմագործողություններից հետո հայկական դիվանագիտության որդեգրած քաղաքականության մեջ կատարված սրբագրումները միանշանակ արդարացված են և ադեկվատ: Ու դա ամենևին ուղղված չէ բանակցային գործընթացը փակուղու տանելուն: Սա իրողություն է, որ պետք է ընդունեն թե՛ Բաքվում և թե՛ համանախագահները: