Որոնում եմ հանգիստ՝ չեմ գտնում. Կոմիտաս
Լավ է այսքանով գոցեմ գիրս, սիրտս լցված է. եթե չամաչեմ լաց լինելու ցավերս շատացել են։ Տես աչքովդ, թե ինչպես մարդիկ ավերում, կործանում են պատիվ, անուն, եկեղեցի, սրբություն, ազգայնություն և գործիք են դառնում չարի ձեռքին և ապա մի լցվիր, մի լար, մի ողբա Խորենացու պես, իր իսկ ողբով, այժմ նույն պատկերն է մեր շուրջը և նորա ուրվականն է ողբում մեր անբուժելի ցավերը։
Նյարդերս թուլացել են, այլևս տոկալու հնար չունեմ։ Որոնում եմ հանգիստ՝ չեմ գտնում, ծարավի եմ ազնիվ աշխատանքի' խանգարվում եմ, փափագում եմ հեռու մնալ, խցել ականջներս՝ չլսելու համար, գոցել աչքերս՝ չտեսնելու համար, կապել ոտքերս՝ չգայթակղվելու համար, բայց զի մարդ եմ' չեմ կարողանում։ Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կյանքս մաշվում է և միայն վարանմունքն է բուն դնում հոգուս ու սրտիս խորքում...