Թուրքիան կմասնակցի «Վրաստան-ՆԱՏՕ» միջազգային զորավարժություններին
Թուրքիան կմասնակցի մարտի 18-29 կայանալիք «Վրաստան–ՆԱՏՕ» համատեղ միջազգային զորավարժություններին։ Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 24 երկիր։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Ինչպես նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, զորավարժությունները կանցկացվեն Թբիլիսիի մերձակայքում գտնվող «Կրցանիսի» ռազմաբազայում տեղակայված Վրաստան–ՆԱՏՕ ուսումնական կենտրոնում։ Միջոցառման բացումը տեղի կունենա մարտի 18-ին։
«Վրաստան-ՆԱՏՕ» համատեղ զորավարժություններին բացի, Թուրքիայից կմասնակցեն նաև Ադրբեջանը, Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Չեխիան, Դանիա, Էստոնիան, Ֆրանսիան, Հունաստանը, Անգլիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, ԱՄՆ-ը, Շվեդիան և Գերմանիան։
Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զորավարժությունների նպատակն է զարգացնել մասնակից երկրների զինված ուժերի թիմային ունակությունները, քաղաքացիական և ռազմական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև՝ Վրաստանի պաշտպանական և վերահսկման կարողությունները։
Հայտնի է նաև, որ զորավարժություններում որպես դիտորդ մասնակցելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։