Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը քննարկել են լրատվական ծառայությունների գործակցության հարցեր
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
Այցի շրջանակում Վլադիմիր Կարապետյանը մարտի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Զրույցի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՌԴ նախագահի ու կառավարության լրատվական ծառայությունների գործակցությանը, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը վերաբերող հարցերի: Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը պայմանավորվել են պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:
Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջատար
լրատվամիջոցների խմբագիրների և ռուսաստանյան փորձագիտական շրջանակների
ներկայացուցիչների հետ: