2009 թվականից առաջին անգամ Թուրքիայում ռեցեսիա է գրանցվել
2009 թվականից առաջին անգամ Թուրքիայում ռեցեսիա է գրանցվել: 2018 թվականի չորրորդ եռամսյակում Թուրքիայի ՀՆԱ-ն նվազել է 3 տոկոսով՝ անցյալկտարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է DW-ն՝ վկայակոչելով Tüik թուրքական վիճակագրական գերատեսչությանը:
Տվյալ ցուցանիշը արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ կրճատվում է, այդպիսով թուրքական տնտեսությունը ռեցեսիայի վիճակում է գտնվում: Երրորդ եռամսյակում տնտեսության անկման ցուցանիշը կազմել է 1.6 տոկոս:
2018 թվականին Թուրքիայում տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշը կազմել է 2,6 տոկոս: Մեկ տարի առաջ այն հասել էր 7,4 տոկոսի՝ չնայած 2016 թ. ամռանը պետական հեղաշրջումից հետո բարդ քաղաքական իրավիճակին:
Արդեն երկար ամիսներ Թուրքիայում ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկում եւ գնաճի բարձր մակարդակ է նկատվում, որը վերջերս կազմել է գրեթե 20 տոկոս: Մարտի 31-ին երկրում տեղի կունենան տեղական ինքնակառավարման ընտրություններ:
Վերջին անգամ Թուրքիայի տնտեսությունը ռեցեսիայում էր հայտնվել 2009 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ: