Կապալառուին հանձնարարվել է ճանապարհաշինության ընթացքում նվազագույնի հասցնել բնակչությանը պատճառվող անհարմարությունները և արագացնել շինարարության ընթացքը
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նախարար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի («Թումանյան» կայարան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շրջանակներում Ալավերդի քաղաքով անցնող շինարարական տեղամասեր։ Այս հատվածում իրականացվող վերականգնման աշխատանքների հետ կապված՝ վերջին օրերին բնակչության կողմից ստացվել էին ահազանգեր, որոնք առնչվում էին շինարարության դանդաղ ընթացքին, աշխատանքների հետևանքով առաջացող փոշու գոյացությանը, երթևեկությանը խոչընդոտող փոսերին։
Քրիստինե Ղալեչյանը, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանի, նախագծող կազմակերպության և տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության աշխատակիցների հետ շրջելով շինտեղամասերով, ծանոթացել է իրավիճակին։ Կապալառու ընկերության՝ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հանձնարարվել է հրատապ միջոցներ ձեռնարկել շինարարության հետևանքով բնակչությանը պատճառված անհարմարությունները վերացնելու, խնդրահարույց տեղամասերում շինարարության տեմպերն ավելացնելու ուղղությամբ։ Նշված տեղամասերում փոշու քանակը վերահսկելու նպատակով կապալառուից պահանջվել է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ ավելացնելով ջրցան մեքենաների քանակը և ջրցանման հաճախականությունը։ Տեխհսկողությունն իրականացնող ինժեներին հանձնարարվել է պատշաճ վերահսկել տրված ցուցումների կատարման ընթացքը։ Շինարարության բոլոր պատասխանատուներին հրահանգվել է մշտական կապի մեջ լինել բնակչության հետ, արձանագրել վերջիններիս դժգոհություններն ու հնարավորինս արագ լուծում տալ դրանց։
Կապալառու «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի պատասխանատու ներկայացուցիչ Դավիթ Ազատյանը պարտավորվեց ճանապարհահատվածներում ավելացնել ջրցանման հաճախականությունը՝ շինաշխատանքների հետևանքով առաջացող փոշու քանակությունը նվազագույնի հասցնելու համար։
Նշենք, որ եղանակային պայմաններից ելնելով, երթևեկամասի վերակառուցման աշխատանքները ժամանակավորապես կասեցվել էին՝ դրանք որակի հաշվին չիրականացնելու մտահոգությամբ։
Ինչ վերաբերում է ճանապարհի դժվարանցանելիությանը, ապա նախքան հիմնական վերակառուցման աշխատանքները սկսելը, որպես ժամանակավոր միջոցառում, կապալառուն արդեն իսկ կատարում է երթևեկելի մասի անհարթությունների վերացման աշխատանքներ։
Ծրագիրն իրականացնող կազմակերպության կողմից ամենօրյա մոնիտորինգ կիրականացվի նշված տեղամասերում առաջացած խնդիրների վերացման ուղղությամբ, և այս հարցով պարբերաբար կներկայացվեն հաղորդագրություններ։
Հավելենք նաև, որ ավտոճանապարհների վերականգնման և բարելավման աշխատանքները, առավել ևս երբ դրանք, այլընտրանքային ճանապարհների բացակայության պատճառով, իրականացվում են ինտենսիվ երթևեկության պայմաններում, օբյեկտիվորեն ենթադրում են որոշակի ժամանակավոր անհարմարություններ բնակչության և երթևեկության մասնակիցների համար, ինչի համար հայցում ենք նրանց ներողամտությունը։