Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը». սպասվում են մի շարք միջոցառումներ
Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Այդ առիթով այսօր՝ մարտի 11-ին կայացած ասուլիսն ազդարարեց ծրագրերի մեկնարկը:
Շաբաթը, որ նախատեսված էր անցկացնել նախորդ տարվա դեկտեմբերին, տեղափոխվեց այս տարի՝ ներքաղաքական զարգացումների պատճառով: Այս մասին տեղեկացրեց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը:
««ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում անցկացվելու են մի շարք միջոցառումներ, որոնց թվում ԱԺ-ում կանցկացվի «Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկման» թեմայով քննարկում, ԱԳՆ-ում՝ կանանց խաղաղությանն ու անվտանգությանը նվիրված ՄԱԿ ԱԽ 13,25 բանաձևի քննարկում», – ասաց Արմեն Եդիգարյանը:
Հայաստանում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում սոցիալական ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, ով երեկոյան հանդես կգա ասուլիսով և մի շարք հանդիպումներ կունենա: Շաբաթը հագեցած կլինի ժողովներով ու սեմինարներով: Այս մասին տեղեկացրեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը` հիշեցնելով, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ՆԱՏՕ-ի հետ կապի հաստատությունն է սկսած 2015թ.:
«Դժբախտաբար, իմ տպավորությունն այն է, որ Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագիտական նեղ շրջանակներում: Ուստի, կարևոր է ապահովել ոչ միայն փորձագիտական քննարկումները, այլև ներգրավվել հնարավորինս լայն հասարակություն»,- ասաց Մաթիաս Քիսլերը: