Այսօր Կանանց միջազգային օրն է. ի՞նչ պատմություն ունի տոնը (լուսանկար)
Այսօր ողջ աշխարհում նշվում է Կանանց միջազգային օրը:
Տոնի պատմությունը
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացել է ցույց` կանանց իրավահավասարության համար։ Այդ օրն ավելի քան 15 000 կանայք շրջել էին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ, առաջ էր քաշվել կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջը։
1909 թվականին Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարեց Կանանց ազգային օր, որը նշվել է մինչև 1913 թվականի փետրվարի վերջին կիրակի օրը։ Արդեն 1909 թվականին այն նշվեց փետրվարի 28-ին։
Ավելի ուշ` 1910 թվականին, ԱՄՆ-ի կին պատգամավորները ժամանեցին Կոպենհագեն` երկրորդ միջազգային կոնֆերանսին, որտեղ հանդիպեցին կոմունիստ Կլարա Ցետկինի հետ։
Կլարա Ցետկինը 1910 թվականին օգոստոսի 27-ին կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսին, որն անցկացվում էր Կոպենհագենում, սահմանեց Կանանց միջազգային օր։
Ենթադրվում էր, որ կանայք այդ օրը ցույցեր և երթեր էին կազմակերպելու՝ դրանով հասարակության ուշադրությունն իրենց խնդիրների վրա կենտրոնացնելու համար։
1911 թվականին Ելենա Գրինբերգի առաջարկով մարտի 19-ին առաջին անգամ Կանանց միջազգային օրը նշվել է Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում և Շվեյցարիայում։ 1912 թվականին այդ օրն արդեն նշվում էր մայիսի 12-ին։
1914 թվականին 6 պետություններում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, միաժամանակ նշվում էր մարտի 8-ին։ Այդ տարի մարտի 8-ը համընկավ կիրակի օրվա հետ։
Այդ օրվանից մարտի 8-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես կանանց իրավահավասարության օր:
Անկախ ամեն բանից` կանայք այսօր էլ շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար, և այս հարցում դեռ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: