Իրաքում ձերբակալվել է ԻՊ-ին ամենամեծ ծավալներով զինամթերք մատակարարող անձը
Իրաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը զինամթերք մատակարարող, խմբավորման պարագլուխներից մեկը համարվող անձը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Իրաքի ռազմական հետախուզական ծառայության կողմից տարածված հաղորդագրությունը:
Ինչպես հայտնում են կառույցից, ձերբակալվածը համարվում է խմբավորման օգտին աշխատող ամենավտանգավոր անձանցից մեկն ու խմբավորման անդամներին ամենախոշոր ծավալներով զինամթերք մատակարարող անձը, որը մասնակցել է «Սփայքեր» ավիաբազայում տեղի ունեցած սպանդին:
Հայտնի է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները բազայի վրա հարձակվել էին 2014 թվականին: Այդ ժամանակ շուրջ 1.7 հազար կուրսանտ էր սպանվել: Նրանց մարմինները հայտնաբերվել էին բազան ետ գրավելուց հետո՝ մասսայական գերեզմաններում: