Մամեդյարովը բողոք է հայտնել ՌԴ դեսպանին «Լազարյան ակումբի» նիստում արցախցի նախարարի մասնակցության պատճառով
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստում Արցախի ներկայացուցիչների մասնակցության շուրջ:
Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, Մամեդյարովն, ընդունելով ռուս դեսպանին, ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում:
Մամեդյարովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական անձանց մասնակցությունը «Լազարյան ակումբի» հերթական նիստում, որն անցկացվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ, հանգեցրել է ադրբեջանական կողմի բողոքին:
Վերջինս շեշտել է նաև, որ նման իրադարձությունները հակասում են ռուս-ադրբեջանական հարաբերություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերին հայ ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Նշենք, որ մարտի 5-6-ն անցկացված «Լազարյան ակումբի» նիստում ներկա եղել Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Լազարյան ակումբի» նիստում Արցախի ներկայացուցիչների մասնակցությանը նախօրեին անդրադարձել է նաև ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ Հայաստանի ճակատագիրը հնարավոր չէ տարանջատել Ղարաբաղից: