Լոռու մարզպետը պարգևատրել է ավտովթարի ենթարկված ուղևորներին օգնություն ցուցաբերած դպրոցականներին. (լուսանկարներ)
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պարգևատրել է ավտովթարի ենթարկված ուղևորներին օգնություն ցուցաբերած դպրոցականներին, այս մասին հայտնում են մարզպետարանի լրատվական ծառայությունից:
Օրեր առաջ համացանցը լեցուն էր Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանի, Էդմոն Քոչարյանի և Վանաձորի թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանի խիզախ ու անձնվեր արարքով հիացած օգտատերերի գրառումներով:
Տղաները մարտի 3-ին ականատես էին եղել խոշոր ավտովթարի, ինչի հետևանքով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:
Դպրոցականները ոչ միայն չէին վախեցել, այլև մինչ փրկարարների ժամանելը, անցորդների օգնությամբ ուղղել էին մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:
Նրանք դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են: Էդիկի, Էդմոնի և Տիգրանի խիզախ արարքի լուրը հուզել ու միաժամանակ հպարտության առիթ էր տվել նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:
Նա այսօր հյուրընկալեց քաջ տղաներին, թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանին, զինղեկ Արկադի Մարտիրոսյանին և անձամբ շնորհակալություն հայտնեց անձնվեր քայլի համար:0
«Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում: Վստահ եմ՝ ձեր արարքը օրինակելի կլինի շատերի համար»,- ասել է մարզպետը:
Նա տղաներին հորդորեց լավ սովորել, հասնել մեծ բարձունքների, լինել Հայաստանի հպարտ քաղաքացի ու գիտելիքները ծառայեցնել հանուն երկրի զարգացման:
Ա. Ղուկասյանը տղաներին պարգևատրեց շնորհակալագրերով և նվերներով: