Աշխարհը գժվել է… խոսքեր Վ. Սարոյանի «Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունից
Ամեն ինչ այնքան թերի է, սխալ ու խառնակ, որ ես ստիպված եմ երբեմն ծիծաղելի բաներ ասել (Հոմեր Մաքոլի):
«Թեև անգլերեն եմ գրում, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել' հայկական է: Ուրեմն' ես հայ գրող եմ»,-ասել է Վիլյամ Սարոյանը: Նա նաև գրել է, որ շատ կուզենար, որ որևէ մեկը «Մարդկային կատակերգությունը» թարգմանել հայերեն, ինչը հետագայում կատարվում է:
Ստեղծագործության պատմությունն ընթանում է ԱՄՆ-ի նահանգներից մեկի քաղաքում՝ Իթաքայում: Պատմության կենտրոնում Մաքոլիների աղքատիկ ընտանիքն է ՝ Քեթի Մաքոլին (մայրը), Բես Մաքոլին (դուստրը), Հոմերի Մաքոլին (միջնեկ որդին), Յուլիսիս Մաքոլին (կրտսեր որդին), Մարկուս Մաքոլին (ավագ որդին): Գլխավոր հերոսը՝ Հոմեր Մաքոլին, 14-ամյա տղա է, ում հայրը մահացել է, իսկ ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար: Հոմերը «ստանձնել է» տան տղամարդու դերը: Դրամ վաստակելու նպատակով՝ տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։
«Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունից առանձնացրել ենք հետևյալ տողերը…
«2 օրվա ընթացքում ես մենակ եմ զգում ինձ և չգիտեմ ինչու»,- տխրում է Հոլը:
«Մենակությունն ու տխրությունը, որ դու զգում ես, զգում ես այն պատճառով, որ այլևս երեխա չես, բայց ամբողջ աշխարհը լեցուն է եղել մենակությամբ: Մենակությունը պատերազմից չէ: Պատերազմը չէ, որ ստեղծեց այն: Ընդհակառակը՝ մենակությունը ստեղծեց պատերազմը: Ամեն ինչի մեջ գոյություն ունեցող հուսահատության զգացումն է աստծո շնորհի պակասը»,-պատասխանում է մայրը:
«15 րոպե հետո Հոմեր Մաքոլին հեծանիվից իջավ մի մեծ, գեղեցիկ հին տան առջև: Այդ տանն ինչ-որ տոնախմբություն էր: Լուսամուտներից երևում էին պարող երիտասարդ զույգեր: Երբ տեսավ, որ հարկի տակ երջանկություն է տիրում, տղան վատ զգաց: Նա ուղղվեց դեպի դուռը և, մի պահ կանգնելով, ունկնդրեց ներսից եկող երաժշտությունը: Նրա մատը դողաց դռան զանգի վրա, հետո անզոր ցած ընկավ»: Հոմերը ցավ էր զգում զոհվածի մոր ծննդյան օրը հայտնելու չարաբաստիկ լուրը… «Ես մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր տխուր են ու անիրավված, բայց դիմացկուն չեն: Ինձ թվում է՝ աշխարհը լեցուն է նման մարդկանցով: Ես այդ առաջ չգիտեի…»,-հետագայում իր մոր հետ զրույցում ասում է նա:
Ամեն ինչ այնքան թերի է, սխալ ու խառնակ, որ ես ստիպված եմ երբեմն ծիծաղելի բաներ ասել:
Աշխարհը գժվել է…
Նրանք ինձ մոտ կգան, որպեսզի օգնեմ նրանց, ես անպայման կօգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ:
Վազիր ինչպես որ կաս, նույնիսկ եթե բոլորը ծիծաղեն քեզ վրա…
Ինչքան մարդ մոտենում է իր կյանքի վախճանին, այնքան երեխտապարտ է զգում իրեն լավ մարդկանց նկատմամբ:
Կուզեի, որ նա մի քիչ սերբուհի լիներ կամ վատ չէր լինի, եթե նրա մեջ լիներ մի քիչ հունական արյուն կամ մի քիչ հայկական, իտալական, լեհական, ռուսական արյուն: Կուզենայի, որ նա իր մեջ ունենար աշխարհի բոլոր ազգերի արյունը:
Իմ պայքարը մարդու դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել…
«Եթե նա սպանվի պատերազմում, ես կթքեմ աշխարհի երեսին: Ես այն առհասարակ կատեմ: Բարի չեմ լինի: Բոլորից չարը կլինեմ, ամենաչար մարդը». այս խոսքերը Հոմերը ասում է հուսահատության ժամանակ՝ մտահոգվելով եղբոր կորստով, բայց անգամ եղբոր մահից հետո նա շարունակում է մնալ առաջվա Հոմերը, չհեռանալ իր «ես»-ից, չվերածվել գազանի: