Այս տարի մի քանի անգամ հանդիպելու եմ Պուտինի հետ․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի ժամանակ։ Այս մասին Փաշինյանը հայտնել է ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Դրանից բացի, հուսով եմ՝ այս տարի տեղի կունենա Վլադիմիր Վլադիմիրովիչի պաշտոնական այցը Երևան և իմը՝ Մոսկվա», – ասել է Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, ու հանդիպումների կոնկրետ ժամկետները քննարկվել են նաև այդ խոսակցության ընթացքում։
Փաշինյանը նաև ասել է, որ հանդիպումներ են նախատեսվում ոչ միայն Ռուսաստանի նախագահի, այլև կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։ Դա նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, երբ կազմակերպության անդամ պետությունների վարչապետները ժամանելու են Երևան։