Արագ արձագանքման 10 Nissan-Patrol մեքենաներ են հանձնվել ԱԻՆ-ին (լուսանկար)
Մարտի 5-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 10 միավոր ճապոնական “Nissan-Patrol” արագ արձագանքման մեքենաների՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջացառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԱԻ նախարարությանը տրամադրված 10-ը արագ արձագանքման մեքենաներն այսօրվանից կհամալրեն նախարարության նեղ մասնագիտական ավտոպարկը: Ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում սպասվում է նաև հրշեջ-փրկարարական մեքենաների հերթական խմբաքանակը՝ 36 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք և 1 արհեստանոց, որով տեխնիկապես կվերազինվեն Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և Ճապոնիայի կառավարությանը արդյունավետ համագործակցության և անհրաժեշտ ու նպատակային աջակցության համար՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում նշեց.
«Սա մեր ճգնաժամային արձագանքման կարողությունների հզորացման լրջագույն համալրում է, որը հնարավորություն կտա քաղաքային պայմաններում դեպք-պատահարների ժամանակ իրականացնել օպերատիվ, համակարգված և թիրախային արագ արձագանքում, արդյունավետ ճգնաժամային կառավարում»:
Շրջայցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն և Ջուն Յամադան մանրամասն ծանոթացան տրամադրվելիք տեխնիկային և օժանդակ սարքավորումներին:
ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակմամբ 2016 թ. մայիսի 25-ին կնքվել է դրամաշնորհի համաձայնագիր, որի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհ է տրամադրել (200 մլն իենի չափով) ՀՀ կառավարությանը՝ տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի իրականացման համար:
Ծրագրին մասնակցության համար հայտ էր ներկայացրել 9 գերատեսչություն, սակայն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես գույքի վերջնական օգտագործող է ճանաչվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: