Նորից ականատես ենք մի վշտալի պատմության, որ նորից քանդում են. Արվեստագետները` ԿԳՆ նախկին շենքը քանդելու մասին
Զարմանալիորեն քանդվում են այն շենքերը, որոնք որ լավն են, պիտանի են, դա ուղղակի ինձ զարմացնում է: Այս մասին այսօր` մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ, նկարիչ Լեւոն Թոքմաջյանը:
«Զարմանալիորեն քանդվում են այն շենքերը, որոնք որ լավն են, պիտանի են, դա ուղղակի ինձ զարմացնում է: Բնիկ, հին երեւանցու համար սրտի ցավ է, որ տեսնում է ամեն ինչ քանդվում է: Ուրախացանք, ոգեւորվեցինք, ասեցինք նոր ժամանակներ են, հեղափոխություն է, բան, սերնդափոխություն է, եւ Մեսչյանն էլ հայտարարեց, որչ ոչ մի շենք չի քանդվի, սակայն նորից ականատես ենք մի վշտալի պատմության, որ նորից քանդում են: Կարող է վերջ ի վերջո Օպերայի շենքն էլ մի օր հայտնվի ցուցակից դուրս, հետո ինչ ենք անելու, եւ ահա հերթական զոհերից մեկը դարձավ այս գեղեցիկ շինությունը: Տեսեք ինչ են քանդում եւ ինչ են տեղը կառուցում` մի այլանդակություն: Լավ, ընդունեք,թե ցուցակում չկա, բա Մեսչյանը ինչ է մտածում, բայց իրենց հոգու ցուցակում չկա, բա բարոյականություն չկա, այսպիսի գեղեցիկ շենքը քանդեն»,-ասաց նա:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն էլ հավելեց, որ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ոլորտում չկա որեւէ կանոնակարգում, չափորոշիչներ պետք է լինեն, թե որ շենքերը պետք է համարվեն պատմական հուշարձան կամ անհրաժեշտ պահպանման:
«Պատճառաբանել, որ այս շենքը պատմական չէ, քանի որ նման մի շենք էլ կա Մաշտոցի պուրակի վրա` Դերասանի շենքը, պետք է ասեմ, որ դա սրա նամանակը չէ, ֆասադի մոտավոր նման լինելը կապ չունի, նա ընդհանրապես ուրիշ տեսակ շենք է: Պետք է հաստատվեն օրենքներ եւ ոչ թե գլխավոր ճարտարապետով, քաղաքապետով,Թոքմաջյանով կամ Հեքեյանով որոշվի այդ շենքը պատմական է, թե` չէ: Նորմատիվներ պետք է պահվեն, որ հուզականության միջով խնդիրը չանցնի»,- ասաց նա:
Արվեստագետները նշեցին, որ շենքի ճակատային մասն այլեւս չի վերականգնվի, ինչպես որ հայտարարվում է: