Հրեշտակ չեմ, բայց ունեցել եմ ներքին զսպվածություն. գործարար Ռուբեն Վարդանյանի պատասխանը՝ կոռուպցիոն սխեմաներ բացահայտած լրագրողներին
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը (OCCRP) հայտնել է, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը մասնակցել է կոռուպցիոն սխեմաների, որոնց միջոցով «լվացվել» է շուրջ 9 միլիարդ դոլար:
Կենտրոնի հետաքննող լրագրողները ժամանակին ռուսաստանյան ամենախոշոր ներդրումային այդ բանկն անվանել են «Տրոյկա լվացքատուն»: Նրանց պնդմամբ՝ այն հանցավոր կազմակերպությունների հետ կապ ուներ, իսկ կոռումպացված անձանց հնարավորություն էր տալիս խուսափել հարկերից և թաքցնել ունեցվածքը:
Ըստ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնի՝ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգը» 2000-ականների կեսերին ստեղծել է ավելի քան 75 օֆշորային ընկերություններ, որոնք հաշիվներ են բացել հիմնականում՝ լիտվական Ukio բանկում:
Լրագրողների պնդմամբ՝ ռուսաստանյան փողերը լվացվել են հենց այդ բանկի հաշվեհամարի միջոցով: Նշվում է, որ փոխանցումներն արվել են գոյություն չունեցող ապրանքների և ծառայությունների դիմաց: Դրանից հետո այդ բանկի միջոցով գումարներն ուղարկվել են արևմտյան բանկերի հաշվեհամարներին:
Ըստ վերլուծության՝«Տրոյկա լվացքատուն»-ն օգտագործվել է նաև ՌԴ-ից այն գումարները դուրս հանելու համար, որոնց հետագան փորձում էր պարզել Սերգեյ Մագնիտսկին: Հիշեցնենք, որ նա 2009 թվականին սպանվեց մոսկովյան բանտում:
Լրագրողները հավաստիացնում են, ոչ այդ սխեմաները թույլ են տվել ռուսաստանյան քաղաքական և գործարար շրջանակներին գաղտնի մասնաբաժին ձեռքբերել պետական ընկերություններում, բացի այդ, անշարժ գույք ձեռքբերել արտասահմանում: Ըստ բացահայտված փաստաթղթերի՝ կասկածելի գործարքներում օգտագործվում էին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած և գործարքներից գաղափար չունեցող հայերը:
Հետազոտության մեջ ընդգծված է, որ «Տրոյկա Դիալոգ»-ի գլխավոր բաժնետերը Ռուբեն Վարդանյանն էր, որը 2012 թվականին իր բաժնեմասը վաճառել է «Սբերբանկ»-ին:
Հետաքննող լրագրողները հարցում են ուղարկել Ռուբեն Վարդանյանին: Ի պատասխան՝ գործարարն ասել է, որ ինքը «հրեշտակ չէ, բայց միաժամանակ ունեցել է ներքին զսպվածություն»:
«Ռուսաստանում դու ունես երեք ուղի՝ լինել հեղափոխական, լքել երկիրը կամ լինել կոմֆորմիստ: Նախընտրել եմ երրորդ տարբերակը՝ լինել կոմֆորմիստ»,- ասել է հայազգի գործարարը:
Ռուբեն Վարդանյանը շեշտել է՝ երբեք չի մասնակցել հարկային աճուրդների, չի աշխատել հանցագործների հետ: Նա վստահեցրել է նաև, որ չի եղել քաղաքական կուսակցության անդամ: Հիշեցրել է 90-ականները, երբ ինքը քայլել է առանց անվտանգության աշխատակիցների: