ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շահերը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը EURACTIV-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը EURACTIV մեդիահարթակին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի, Բաքվի, ինչպես նաև Բրյուսելի և Մոսկվայի հետ ապագա կապերի զարգացման վերաբերյալ:
Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է հարատև խաղաղության հաստատմանն ուղղված կառուցողական երկխոսության:
«Տարածաշրջանի ժողովուրդներին հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու համար ես հայտարարել եմ, որ կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շահերը: Հայ հասարակությունն ու մեդիան ինձ քննադատեց, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց նույնն անել: Ավելին՝ նա շարունակաբար օգտագործում է ագրեսիվ հռետորաբանություն, որը չափազանց բացասական ազդեցություն է ունենում ժողովրդին խաղաղության նախապատրաստելու իմ ջանքերի վրա, ինչպես նաև վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ջանքերին: Միանշանակ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը ներառել բանակցություններում, այն գործընթացում, որն ի վերջո կորոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու այնտեղ բնակվող մարդկանց համար անվտանգության երաշխիքներ կապահովի: ՀՀ երկու նախկին նախագահները ծնվել, մեծացել ու ապրել են Արցախում: Ի տարբերություն նրանց՝ ես Արցախը չեմ ներկայացնում, այնտեղ բնակվող մարդիկ չեն մասնակցում ՀՀ ընտրություններին, ուստի՝ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնելու մանդատն ինձ տրված չէ»,-ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ներկայացնում է ՀՀ-ն ու պատրաստ է բանակցություններին մասնակցել Հայաստանի անունից:
Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետը նշել է, որ, եթե Ադրբեջանը նույնպես ընդունի, որ հակամարտության կարգավորումը պետք է ներառի բոլոր կողմերի մասնակցությունը, դա փոխադարձ վստահության վրա հիմնված բանակցություններ սկսելու լավ հնարավորություն կընձեռի:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա համակարծիք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, համաձայն որի՝ «2019 թվականը նոր թափ է տալու հակամարտության կարգավորման գործընթացին», Փաշինյանն ասել է. «Լավ կլինի, եթե «նոր թափ ստանալ» ասելով նախագահ Ալիևը նկատի ունենա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը:
Հակառակ դեպքում դա ևս մի բարձրագոչ հայտարարություն է»,-ասել է վարչապետը:
Նա նաև նշել է, որ հայկական կողմը շատ կցանկանար նոր բովանդակություն տալ խաղաղ բանակցային գործընթացին և իր տեսլականը համանախագահների միջոցով արդեն փոխանցել է ադրբեջանական կողմին:
Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր պետությունների համար խաղաղությունը լավագույն շահն է, որին հասնելու համար իրենք պատրաստ են ջանք չխնայել:
Անդրադառնալով ՄԱԿ-ի՝ հակամարտության լուծման հարցում ունեցած դերակատարման կարևորությանը՝ Փաշինյանը նշել է. «Միջազգային հանրությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար միայն մի ինստիտուցիոնալ գործընթաց է ճանաչում՝ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող գործընթացն է: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ ՄԱԿ-ը ողջունում է այս խաղաղ գործընթացը: Համանախագահները ներկայացնում են մեր տարածաշրջանում մշտական շահեր ունեցող ազդեցիկ երկրներ, և մենք տեսնում ենք, որ բոլոր երեք համանախագահները մեկը մյուսի հետ արդյունավետ համագործակցում են բանակցային գործընթացի շրջանակում: Նրանք երեքն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են: Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի՝ 1992թ. ի վեր հակամարտության կարգավորման նպատակով հաստատված ԵԱՀԿ ձևաչափը կարևորող բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները»:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Փաշինյանի ընտրվելուց ի վեր Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ դրական նշաններ կան առ այն, որ դրանք շուտով կարող են բարելավվել, վարչապետը բացասական պատասխան է տվել: Փաշինյանի կարծիքով, եթե Թուրքիան իրեն ժողովրդավար պետություն է համարում, ապա պետք է ողջունի հարևան երկրում ժողովրդավարության հաղթանակն ու երկխոսություն սկսի:
«Թուրքիայի շարունակական հակահայկական դիրքորոշումն առնվազն մտածելու տեղիք է տալիս: Մենք վերահաստատում ենք առանց որևէ նախապայմանի հարաբերությունները վերականգնելու մեր պատրաստակամությունը: Մի՞թե օրակարգում պետք է ներառենք Կիպրոսի հարցը կամ Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, եթե Անկարան շարունակի այն մոտեցումը, համաձայն որի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի միայն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի: Արդյո՞ք այս տեսակ քաղաքականությունը կայունություն կբերի տարածաշրջանին»,-ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը խոսել է նաև Բրյուսել կատարած այցից՝ նշելով, որ եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվել են շարունակել նախկինում սկսած ծրագրերը, զարգացնել նախկին պայմանավորվածությունների իրագործման համար որպես ուղեցույց ծառայող ճանապարհային քարտեզը:
«Մենք պատրաստվում ենք մեր գործընկերների հետ հանդիպումների շրջանակում հանդես գալ նոր նախաձեռնություններով, որոնք հնարավորություն կտան առաջ տանելու արդեն սկսած բարեփոխումների գործընթացը: Մի շարք ոլորտներում եվրոպական բիզնես էթիկայի և մշակույթի ներկայացումը կամրապնդի մեր հնարավորություններն ու կնպաստի ենթակառուցվածքի զարգացմանը: Վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները դրական պատասխան կտան մեր ծրագրերին»,-ասել է վարչապետը:
Խոսելով այն մասին, թե արդյոք իրեն նախորդած Սերժ Սարգսյանի (ՀՀ երկրորդ նախագահ, նախկին վարչապետ)՝ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի չստորագրումն այժմ դիտարկվում է որպես սխալ՝ Փաշինյանն ասել է, որ ինքը Հայաստանում նախկինի համեմատ ավելի թափանցիկ քաղաքականության կողմնակից է:
Նա նշել է, որ Հայաստանը համագործակցում է և՛ ԵՄ-ի, և՛ Եվրասիական տնտեսական միության հետ և կողմերից յուրաքանչյուրին տեղյակ է պահում մյուս կողմի հետ համագործակցության մասին:
«Ավելին՝ մենք փորձում ենք կամուրջ լինել այս երկու միությունների միջև»,-ասել է վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի անգամ ոչ վավերացված կարգավիճակը թույլ է տալիս նախաձեռնել ու իրականացնել տարբեր նախագծեր: Նա հույս է հայտնել, որ առայժմ ԵՄ տասը պետության կողմից վավերացված փաստաթուղթը մինչև տարեվերջ լիարժեք արդյունավետություն կունենա:
Փաշինյանի կարծիքով՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կարող է վերածվել տանդեմի:
«Սակայն միևնույն ժամանակ մենք չենք հրաժարվի ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և մեր ազգերի փոխադարձ շահերի վրա հիմնված ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու մտադրությունից»,-հավելել է Փաշինյանը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք Փաշինյանի կառավարությունը կընդունի ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակում Մեծամորի ատոմակայանը փակելու և այն ապահով ապագործարկելու պայմանը, թե կշարունակի դրա շահագործումը, վարչապետն ասել է. «Ներկա փուլում մենք ծրագրել ենք ատոմակայանի արդիականացում և դրա անվտանգության մակարդակի բարձրացում, որպեսզի այն կարողանա աշխատել մինչ էներգետիկ այլընտրանքային աղբյուրի հասանելի դառնալը»:
Նա ընդգծել է, որ ատոմակայանը Հայաստանի էներգետիկ անվտանգության ողնաշարն է, ուստի՝ այն չի կարելի փակել առանց էներգետիկ ապահովության նույն մակարդակն ապահովող համարժեք փոխարինման:
Հարցազրույցի վերջին անդրադարձը եղել է խոստացված տնտեսական հեղափոխությանը:
«Այո՛, տնտեսական հեղափոխությունը մեր կառավարության հաջորդ նպատակն է ու դրա ծրագրի հիմնաքարը: Մենք հաստատել ու սկսել ենք հավակնոտ բարեփոխումների օրականգ՝ կոռուպցիայի դեմ պայքար, մենաշնորհների, աղքատության վերացում, անկախ դատական համակարգի կոնսոլիդացում, օրենքի գերակայության հաստատում»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ բարեփոխումներ են սպասվում նաև հարկային, մաքսային, կրթական համակարգերում:
Փաշինյանի խոսքով՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում երկրում արդեն տեղի են ունեցել բազմաթիվ տեսանելի փոփոխություններ: Որպես ասվածի օրինակ՝ նա նշել է կանոնավոր կոռուպցիայի վերացումը, մենաշնորհների, օլիգարխիայի հզորության նվազեցումը:
«Այսօր Հայաստանում չկա մեկը, որ կարող է քաղաքական ազդեցությունն օգտագործելու միջոցով տնտեսական նվաճումների հասնել: Մեր նպատակն է Հայաստանում բիզնես վարելու համար նպաստավոր պայմանների ստեղծումն ու օտարերկրյա ուղիղ ներդրումների գրավումը»,- եզրափակել է վարչապետը: