2017թ. Հայաստան է ներմուծվել 37710, իսկ 2018-ին` 65110 ավտոմեքենա. Միքայել Մելքումյան
2017թ.-ին ՀՀ է ներմուծվել 37 հազար 710, իսկ 2018թ.-ին` 65 հազար 110 ավտոմեքենա: Այս մասին այսօր հրավիրված նիստում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ ԵԱՏՄ շուկայի օրենսդրական կարգավորումների հետևանքով ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 4 անգամ թանկանալու է:
«Պատահական չի, որ հիմա այս մեծ թվերի մեջ Հայաստանում այսքան պահանջարկ չկա, Ղազախստան ու Ռուսաստան գնացող մեքենաներն են, որովհետև ներկրվում են Հայաստան, այստեղ մաքսազերծվում են, նոր գնում են: Բնականաբար, երրորդ երկրներից ներկրվող մեքենաների մասով մենք շահում ենք մաքսատուրքերի մասով», – ասել է Մելքումյանը:
Մելքումյանը նիստին հրավիրված տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքվել է՝ արդյոք Հայաստանը չի՞ կարող դիմել Եվրասիակական տնտեսական հաձնաժողով, որպեսզի մաքսատուրքերն առայժմ չբարձրանան:
Նախարարը Մելքումյանին բացատրել է, որ Հայաստանին մեկ անգամ արդեն տրվել է արտոնյալ ժամանակահատված:
Նշենք, որ կա մոտ 900 ապրանքատեսակ, որոնց մաքսատուրքերը պետք է բարձրանան և հավասարվեն ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերին: