ՊԵԿ-ը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցությունը (տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է հարկային և մաքսային ոլորտներում միջազգային համագործակցությունը: Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրին միանալուց հետո Հայաստանն աջակցություն է ստանալու մաքսային ծառայության կարողությունների զարգացման ոլորտում` ապահովելով Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրի դյուրացման համաձայնագրի կիրարկումը:
Համաշխարհային մաքսային կազմակերպությունը ողջունել է նաև Բեռնարկղերի հսկողության և Բացթողնման ժամկետների ուսումնասիրության վերաբերյալ Հայաստանի ներկայացրած ծրագրերը: ՀՄԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների հաջորդ համաժողովն անցկացվելու է Հայաստանում:
Հարևան երկրների հետ համագործակցության շրջանակում՝ մշակվում են նոր նախագծեր` ուղղված տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ էլեկտրոնային տվյալների փոխանակմանը:
Ի դեպ, ՊԵԿ-ն առաջարկել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ ունենալ, որն արագ կարձագանքի Վերին Լարսում առաջացող խնդիրներին:
Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում 2019թ.-ին շարունակվելու է գործակցությունը մաքսային ոլորտում, ծառայությունների, էլեկտրոնային առևտրի և մտավոր սեփականության իրավունքի ուղղություններով:
Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքները շարունակելու է նաև հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) և Չինաստանի՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Միջազգային գործընկերների հետ ակտիվ գործակցության արդյունքում կբարձրանա են նաև ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ու հարկային մասնագիտացված կառույցների հետ համագործակցության արդյունավետությունը: Տեսանյութում ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը մանրամասներ է ներկայացնում: