Փսիխոզը թափ է հավաքում. Ադրբեջանում կալանվել է «հայերի համար տեսանկարահանող» ՌԴ քաղաքացի
Ադրբեջանում, ինչպես երեւում է, հակահայկական փսիխոզը նոր թափ է հավաքում։ Սա հատկապես հետաքրքիր է միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձեւավորելու կոչերի համատեքստում։
AZE.az տեղեկատվությամբ՝ Տերտերի շրջանի Բեյիմսարով գյուղում կալանվել է Ռուսաստանի մի քաղաքացի, որը «տեսանկարահանում էր անում հայերի համար»։ Պարզվել է, որ գյուղում տեսանկարահանողը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի բնակիչ Ալու Ալամահմադի Իդիգովն է, որը կալանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Տղամարդը պատմել է, որ հանգստանալիս է եղել Նավթալանի առողջարանում, լուսա- եւ տեսանկարահանումներն արել է իր հայ ընկերոջ համար։ Կալանվածը ոստիկանությանն ասել է, որ մի քաղաքում իր հետ ապրող ընկերոջ մայրը մինչեւ ղարաբաղյան պատերազմը ապրել է այս գյուղում, եւ հիմա ցանկացել էր տեսնել իր նախկին տունն ու գյուղը։ Նա եկելէ Տերտեր եւ գտել այդ նույն գյուղն ու տունը՝ հեռախոսի հավելվածի օգնությամբ։
Սակայն տղամարդու գործողություններում քաջարի ադրբեջանցի իրավապահները կրիմինալ են տեսել։ Հետաքննության արդյունքներով՝ ոստիկանությունը ջնջել է տեսանյութը, ինչից հետո Ինդիգովը, բարեբախտաբար, ազատ է արձակվել։