Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը մարտի 4-ին Երուսաղեմում կմիավորի գլխավոր հյուպատոսությունն ու դեսպանությունը
ԱՄՆ-ը մարտի 4-ին մեկ գերատեսչությունում կմիավորի Երուսաղեմի իր գլխավոր հյուպատոսությունն (որը սպասարկում է պաղեստինցիներին) ու Իսրայելի իր նոր դեսպանությունը։ Այս մասին ասվում է կիրակի ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Փալադինոյի տարածած հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«2019 թվականի մարտի 4-ին Երուսաղեմում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը կմիավորվի Իսրայելում ԱՄՆ դեսպանության հետ։ Կստեղծվի մեկ միասնական դիվանագիտական առաքելություն»,- ասվում է փաստաթղթում։
Գերատեսչությունում ընդգծում են, որ այս որոշումը չի նշանակում ԱՄՆ արտաքին քաղաքական գծի ինչ-որ փոփոխություն։ «Դա չի նշանակում Երուսաղեմի, Արեւմտյան ափի (Հորդանան գետի) կամ Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության փոփոխություն։ Ինչպես հայտարարել է նախագահը, Միացյալ Նահանգներն այսուհետ եւս չի որդեգրի վերջնական կարգավիճակի մասին դիրքորոշում, այդ թվում եւ սահմանազատիչ գծերի հարցի վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում։
2018 թվականի հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր Վաշինգտոնի՝ երկու գերատեսչությունները միավորելու ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ Երուսաղեմի ամերիկյան դեսպանությունում կստեղծվի պաղեստինյան հարցերի նոր բաժին։
Երուսաղեմի կարգավիճակը կարեւոր խնդիրներից մեկն է պաղեստինա-իսրայելական հակամարտությունում։ Իսրայելցիները գրավել են քաղաքի արեւելյան հատվածը 1967 թվականի պատերազմի ժամանակ։ Նրանք պնդում են, որ Երուսաղեմը Իսրայելի «միակ եւ անբաժանելի» մայրաքաղաքն է։ Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արեւելյան հատվածը դարձնել իրենց պետության մայրաքաղաքը։
Երուսաղեմում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության բացումը հանգեցրել է պաղեստինցիների զանգվածային բողոքների սաստկացման։ Արաբական պետությունների լիգան իր հերթին ԱՄՆ այս քայլն անվանել է վտանգավոր գործողություն, որի հետեւանքները Վաշինգտոնը չի պատկերացնում։