Խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ են. ՄԻՊ-ը՝ Հախվերդյանի ու Ղուշչյանի խոսքերի մասին
Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։
Այս մասին իր facebook-ի էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի և հաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարություններին՝ կապված արցախահայության հետ:
«Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։
Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»,-գրել է Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանն արցախահայության մասին խոսել էր՝ հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը: Հախվերդյանը նշել է, որ քծնանքի քաղաքականությունը արցախցիների մոտ դեռ շարունակվում է, դա ադրբեջանական հատկություն է.
«Նրանք, ի վերջո, ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել, այդ ազդեցությունը մինչև մաքրվի ևս 50 տարի պիտի անցնի ղարաբաղյան ժողովրդի մոտ: Պետք է ճշմարտությանն ուղիղ նայել»,-ասել էր նա: