Հազվագյուտ սպիտակագլուխ անգղի որսի դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Հազվագյուտ սպիտակագլուխ անգղ որսալու դեպքի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Լրատվական կայքերից մեկը «Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել» վերտառությամբ հոդված ու լուսանկար է հրապարակել, որում երևում է մի տղամարդ, ձեռքին` անգղ:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ուսումնասիրել են հրապարակումը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները տեղի ունեցածը պարզելու ու լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Բացատրական աշխատանքի արդյունքում նկարում պատկերված քաղաքացին և ևս մեկ անձ ներկայացել են ոստիկանություն, տվել բացատրություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր»,– գրել է նա:
Ավելի վաղ Econews.am-ը հայտնել էր, որ ապօրինի որսի զոհ է դարձել հազվագյուտ սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), որը սակավաթիվ, վտանգված տեսակ է: