Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը ցույցերից ու հանրահավաքներից հետո ազատ է արձակվել բանտից
Ադրբեջանի բանտերից մեկից այսօր ազատ է արձակվել ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովը, ի պաշտպանություն որին, տևական ժամանակ ցույցեր ու հանրահավաքներ էին անցկացվում Բաքվում։ Բլոգերը խուսափել է երկրորդ մեղադրանքով պատժից ու այսօր ազատ է արձակվել ազատազրկման առաջին ժամկետի ավարտի կապակցությամբ։
Երկու տարվա ազատազրկումը նա կրում էր երկրի իրավապահներին «զրպարտող» նյութերի տարածման համար։ Բայց մինչ այս ժամկետի ավարտը Ադրբեջանում նրա վրա ևս մեկ կեղծ գործ էին փորձել «կարել»․ իբր նա բռնություն է գործադրել բանտապահի նկատմամբ։ Այս նոր «հանցանքի» համար նրան սպառնում էր ևս մի քանի տարի ազատազրկում։
Սրանից հետո բլոգերը հացադուլ հայտարարեց բանտում։ Նրան միացան այլ քաղբանտարկյալներ ու քաղհալածյալներ՝ ազատության մեջ ու բանտերում։ Հետո ազատության մեջ գտնվողները սկսեցին հանրահավաքներ անել՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատելու պահանջով։
Այս ցույցերից հետո երկրի ղեկավար Իլհամ Ալիևի «մեծահոգության» շնորհիվ Հուսեյնովի նոր պատիժը կասեցվեց։ Պարզվեց, որ ոչ մի խնդիր էլ չի եղել, ու «բռնության ենթարկված» բանտապահը հաշտվել է բլոգերի հետ։ Սակայն կարծիք կա, որ այս մանևրով երկրի իշխանությունները ստուգում էին ընդդիմադիրների կապերը, նրանց հնարավորությունները և այլն, իսկ երբ պարզեցին այդ ամենը, Հուսեյնովին ազատ արձակեցին։