Թուրքիայում իրականացվել է վերջին ժամանակների ամենախոշոր ոստիկանական գործողությունը. երկրի 81 նահանգում ձերբակալվել է 2612 մարդ
Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրահանգով այս գիշեր երկրի բոլոր 81 նահանգներում միաժամանակ ձեռնարկված ոստիկանական գործողության շրջանակում ձերբակալվել է 2612 մարդ: Գործողությանը մասնակցել է 7 327 ոստիկանական ջոկատ՝ ընդհանուր 30 053 իրավապահներով, որոնց թվում են եղել նաև հատուկջոկատայիններ:
Ինչպես փոխանցում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, իրավապահ ուժերը լայնածավալ խուզարկություններ են իրականացրել 6 688 հասցեներով Թուրքիայի ամբողջ տարածքում:
Հատկանշական է, որ ձերբակալվածների թվում են եղել ոչ միայն քաղաքական հետապնդման ենթարկվող գյուլենական համայնքի (Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») խմբավորման անդամներ) ներկայացուցիչներ, այլև աբեկչության, գողության, սպանության, սեռական բռնության, թմրանյութերի առքուվաճառքի ու խաբեության համար որոնվող բազմաթիվ քաղաքացիներ:
Աղբյուրն ընդգծում է, որ սա վերջին ժամանակների ամենախոշոր ոստիկանական գործողությունն է՝ հաշվի առնելով, որ այն միաժամանակ ընդգրկել է երկրի բոլոր նահանգները: