ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է կառավարության՝ ծրագրից. Մշակույթի նախարարություն
Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է կառավարության՝ ծրագրից, որը հաստատվել է փետրվարի 14-ին։ Հայտարարությունում ասվում է.
«ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է ՀՀ կառավարության՝ ս. թ. փետրվարի 14-ին հաստատված ծրագրից, որի համաձայն կառավարությունը որդեգրել է պետական և բյուջետային համակարգի կազմակերպությունների կառավարման առավել արդյունավետ եղանակների մշակման ներդրման քաղաքականություն։
Ըստ այդմ, նախարարություններին հանձնարարական է իջեցվել աշխատանքային կարգով ներկայացնել վերլուծություն՝ համապատասխան հիմնավորումներով, իրենց ենթակայության ներքո գտնվող ՊՈԱԿ-ների կարգավիճակի, գործունեության և այդ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ ընտրանքային լուծումների վերաբերյալ:
Հանձնարարականում օրակարգային է համարվում ոչ թե միջոցների խնայողությունը, հաստիքների կամ պետական մարմինների թվաքանակի կրճատումը, այլ՝ պատասխանատվության համախմբումը և ռեսուրսների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակների պահպանման կամ փոփոխության վերաբերյալ առաջարկները կատարվել են նախարարության ոլորտային վարչությունների մասնագետների կողմից՝ հիմք ընդունելով ՊՈԱԿ-ների կանոնադրությամբ հաստատված նպատակներն ու գործունեության առանձնահատկությունները, սուբսիդավորման պայմանագրերում տեղ գտած աշխատանքային պարտավորությունները՝ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներով, նրանց տարեկան հաշվետվությունները, ներկա ծրագրային և ֆինանսական զարգացման հեռանկարները։ Նշենք, որ կազմակերպությունների գործունեության օպտիմալացմանն ուղղված առաջարկների հիմքում դիտարկվել է առավելապես վարչական հատվածը։
Կառավարությանը ներկայացված փաթեթն ունի զուտ աշխատանքային բնույթ և ոչ մի կերպ չի կարող որոշման նախագիծ համարվել, առավել ևս՝ ներկայացվել հաստատման։
Տեղեկացնում ենք նաև, որ ՊՈԱԿ-ների փակման կամ լուծարման մասին որևէ նախաձեռնություն կարող է դիտարկվել միայն համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման, ինչպես նաև կառավարման ու գործունեության այլընտրանքային մոդելների առաջարկման պարագայում։
ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության և հարակից հարցերի մասին առավել մանրամասն կքննարկվի մարտի 4-ին, ժամը 16:00-ին ՊՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպման ընթացքում»: