«Ե՞րբ է ԱՄՆ-ն ճանաչելու Հայոց ցեղասպանությունը». Ֆրեզնոյի 85-ամյա բնակչուհին բաց նամակով դիմել է Թրամփին
Ամերիկյան Ֆրեզնո քաղաքի 85-ամյա բնակչուհի Նազիկ Կոտչոլոսյան-Մեսերլյանը, որը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգ է և վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բաց նամակով դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է fresnobee.com կայքը:
«Հայերին մորթեցին սեփական՝ 3000-ամյա հայրենիքում: Նրանց հարստություններն ու ունեցվածքը թալանեցին: Նրանց բազմադարյա պատմական գանձերն ավերվեցին, եկեղեցիներն ու վանքերը պղծվեցին: Պատմական աշխարհագրական անվանումները թրքացվեցին: Նույնիսկ բիբլիական Արարատ լեռը դարձավ Աղրը»,-գրում է տարեց հայուհին՝ ընդգծելով, որ օսմանյան թուրքերի՝ իրենց հանցանքի համար անպատիժ մնալն ու առ այսօր ժամանակակից Թուրքիայում Ցեղասպանության պատմական փաստի հերքումն այժմյան և ապագա բռնապետերի համար նմանատիպ հանցանքներ գործելու ուղի են հարթում:
«Խոսքն այն բռնապետերի մասին է, որոնք մեջբերելով Հիտլերի «Ո՞վ է հիշում՝ ինչ է պատահել հայերի հետ» արտահայտությունը՝ գործել են կամ դեռևս կգործեն նոր, աշխարհը ցնցող հանցագործություններ:
Քաղաքական մեխանիզմը նման է վերամշակման գործարանի, իսկ քաղաքական գործիչներն էլ՝ ակրոբատների, որոնք հմտորեն ճոճում են «արդարություն որոշներին», «արդարություն ոչ մեկի», «արդարություն բոլորի համար» արտահայտություններով ճոպանները:
Պարո՛ն նախագահ, Դուք հպարտորեն խոսեցիք Հյուսիսային Կորեայի հարցում Ձեր հերոսական և վճռական դիրքորոշման մասին, որը, ըստ Ձեզ, հավանաբար, փոխել է պատմության ընթացքը: Մինչդեռ, պարո՛ն նախագահ, Դուք և Ձեզ նախորդածները տարիներ շարունակ թույլ եք տվել Թուրքիային հետևանքների վերաբերյալ ծիծաղելի սպառնալիքներ հնչեցնել ու գումարով կաշառել:
Հզոր Միացյալ Նահանգներն ամոթալի խաղ է խաղում: Շատ լավ իմանալով ճշմարտությունը՝ ԱՄՆ-ն 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու բարոյական պարտականություն ունի»,-գրում է կինը:
Բաց նամակի հեղինակն անդրադառնում է նաև Իսրայելին՝ նկատելով, որ սպանդի ցավը վերապրած ժողովուրդը ևս լռում է այս հարցում:
Նամակի վերջում հայուհին հույս է հայտնել, որ այս տարվա ապրիլի 24-ին իրենք ի դեմս նախագահ Թրամփի և նրա վարչակազմի բարոյականության, խիզախության նոր քաղաքականության ականատես կդառնան: