Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը (տեսանյութ)
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 21-րդ դարում տեղի ունեցող «մշակութային եղեռնին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը գրել է, որ այսօր մշակութային ամենամեծ աղետը, հավանաբար, ոչ թե տեղի է ունենում Սիրիայում, այլ Կովկասում՝ նկատի ունենալով Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստը:
«Համաձայն Hyperallergic գեղարվեստական ամսագրի փետրվարի համարում
զետեղված հաշվետվության, Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների
ընթացքում պարբերաբար ջնջում է երկրից հայկական պատմական ժառանգությունը:
Զեկույցի հեղինակներ Սիմոն Մաղաքյանի և Սարա Փիքման կարծիքով՝ այս
պաշտոնական, սակայն և քողարկված, մշակութային և կրոնական արժեքների
ոչնչացումը գերազանցում է անգամ Պալմիրայում «Իսլամական պետության»
«ինքնագովազդին»,- գրում է The Guardian-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Հյուսիսային Իրանի
Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանը
նկարահանել էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում այն
ամենն, ինչ մնացել էր Ջուլֆայում առկա շուրջ 10000 խաչքարերից:
«Զինվորականներն ավերված կտորները բեռնել էին բեռնատարի մեջ, ապա նետել
Արաքս գետը: Այդ կադրերը կարելի է գտնել 2006թ. «Արաքսի նոր արցունքները»
ֆիլմում, որը հրապարակվել է YouTube-ում: Ադրբեջանի կառավարությունը մեկ
անգամ չէ, որ մերժել է միջազգային փորձագետներին մուտք գործել այդ տարածք,
նաև չի տվել որևիցե մեկնաբանություն: Նրանք մերժել են նաև հայերին, ովքեր
երբևէ ապրել են Նախիջևանում»,- հավելում է պարբերականն՝ ընդգծելով, որ նման
հակազդեցությունը բարդացնում է անկախ հետազոտությունը, սակայն Մաղաքյանն
ու Փիքմանն, իրենց ներկայացրած մեծ քանակությամբ փաստերով, արդեն ահռելի
աշխատանք են կատարում: