Արցախի ԱԳՆ-ն գոհունակություն է հայտնում ՌԴ Դաշնության խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթի կապակցությամբ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն
է հայտնում ՌԴ Դաշնության խորհրդում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ
Արարատ Միրզոյանի ելույթի կապակցությամբ և սատարում ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը։
Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ՝ ի պատասխան «Արցախպրես»-ի՝ գերատեսչությանն ուղղված այն հարցադրմանը, թե
ինչպե՞ս կմեկնաբանեիք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Ռուսաստանի
Դաշնության խորհրդում:
«Չափազանց կարևորում ենք այն, որ ռուսական խորհրդարանի վերին պալատի
ամբիոնից ևս մեկ անգամ հաստատվել է Երևանի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի և սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հնչեցվել են մտահոգություններ Ադրբեջանի ապակառուցողական քայլերի կապակցությամբ, որոնք խաթարում են խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում։
Հատուկ գնահատականի է արժանի Արարատ Միրզոյանի այն նկատառումը, որ
ռուսաստանյան քաղաքական գործիչների մասնակցությունն Ադրբեջանի հակահայկական
քարոզչական գործողություններին անընդունելի է, քանի որ դրանք միանշանակորեն միտված են ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա եղբայրական հարաբերությունների խաթարմանը։ Հայաստանի ղեկավարության այդ դիրքորոշումը լիովին համապատասխանում է Արցախի Հանրապետության իշխանությունների մոտեցումներին։
ԱՀ իշխանությունների համար կարևոր առաջնահերթություններ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զուտ քաղաքական - դիվանագիտական մեթոդներով, ինչպես նաև հայ- ռուսական հարաբերությունների պահպանումն ու խորացումը, որոնց բաղադրիչ մասն են կազմում Արցախի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձությունն անցած ավանդական բարեկամական կապերը»,- ասված է ԱԳՆ պատասխանի մեջ։