Ինչո՞ւ է ՌԴ-ն Հայաստանին ավելի էժան վարկ տվել, քան Բելառուսին. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԶԼՄ ներկայացուցիչների հետ «Մեծ խոսակցության» ժամանակ ասել է, որ Մինսկը Ռուսաստանի «կենվորը» չէ, դա ապացուցում են Հայաստանին եւ Վիետնամին տրված վարկերի ավելի քան ցածր տոկոսները, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
«Վերջ տվեք մեղադրել մեզ կենվորության մեջ։ Մենք երբեք չենք եղել ձեր կենվորն ու չենք լինի։ Երբ ժողովուրդը դա լսում է, հատկապես ես, որ ինքնասեր մարդ եմ, որեւէ միության ցանկություն չեմ ունենում»,- ասել է Լուկաշենկոն։
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը Բելառուսին ատոմակայան կառուցելու համար 4,8 տոկոսով է վարկ տվել, իսկ Վիետնամին՝ ավելի քիչ՝ 3 տոկոսով, Հայաստանին նույնպես՝ 3 տոկոսով։
«Ինչո՞ւ,- հարցրել է պետության ղեկավարը։- Ահա վերջերս մենք Գրեֆին վերադարձրինք վարկը, որը տվել էին 9 տոկոսով, «Բելառուսկալիումի» երաշխավորությամբ, մոտ 600 մլն դոլար։ Մենք փերձեցինք պայմանավորվել. ժամանակն անցավ, տոկոսներն ընկան։ Եկեք պայմանավորվենք այն պայմաններով, ինչպես մեր արեւմտյան «թշնամիներն» են մեզ վարկ տալիս՝ 2 տոկոսով, կամ Չինաստանը՝ նույնպես 2 տոկոսով։ Մեզ մերժեցին, այդ ժամանակ ես հանձնարարեցի կառավարությանն անհապաղ միջոցներ փնտրել, ընդհուպ մինչեւ ոսկու-արժույթի պաշարները, եւ վերադարձնել բանկին այդ փողերը»։