Ադրբեջանը Ֆահրադդին Աբոսզոդային պաշտոնապես մեղադրեց հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ
Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել ՌԴ-ում ձերբակալված, ապա՝ փետրվարի 28-ին, Մոսկվայի դատարանի ժամանակավոր պահման վայրից անհետացած Ֆահրադդին Աբոսզոդայի՝ Բաքու տեղափոխելու վերաբերյալ:
Ըստ հաղորդագրության՝ Աբոսզոդան մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետականության դեմ կոչեր) և 283.1 (ազգային, ռասսայական կամ կրոնական հրահրումներ կազմակերպելը) հոդվածներով:
Միաժամանակ Ադրբեջանի ԱԱԾ հայտարարության մեջ նշվել է, որ Աբոսզոդայի դեմ կան հավաստի փաստեր, որ նա համագործակցել է ՀՀ հատուկ ծառայությունների հետ, մի քանի անգամ այցելել է Հայաստան և ոչ միայն տեղեկություններ տվել Ադրբեջանի ներքին տեղաշարժերի մասին, այլև հայկական հատուկ ծառայությունների հրահրմամբ հակաադրբեջանական կոչեր հնչեցրել, թալիշ ժողովրդին պայքարի կոչ արել:
Իրականում Ֆահրադդին Աբոսզոդան 1993 թվականին ղեկավարել է Ադրբեջանի հարավում մեկ այլ թալիշ գործիչ Ալիաքրամ Հումմատովի հռչակած ու կարճ կյանք ունեցած Թալիշ-մուղանյան ինքնավար հանրապետության խորհրդարանը։ Ավելի ուշ եղել է թալիշական ազգային պարբերականների խմբագիր, հետո տեղափոխվել է Ռուսաստան։
Թալիշները բնիկ ժողովուրդ են ներկայիս Ադրբեջանի հարավային՝ Իրանի հետ սահմանակից հատվածում։ Թալիշաբնակ տարածքներում Ադրբեջանն իրականացնում է տարրալուծման քաղաքականություն՝ հնարավոր անջատողական տրամադրությունների կրկնություն թույլ չտալու համար։
Ֆահրադդին Աբոսզոդան կալանավորվել է Մոսկվայում, 2018թ. սեպտեմբերի 10-ին՝ Բաքվի խնդրանքով: Հոկտեմբերի 3-ին, քննելով Աբոսզոդային արտահանձնելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջը, Մոսկվայի դատարանը որոշել է 5 ամսով երկարացնել Աբոսզոդայի կալանավորումը, սակայն ՌԴ-ում: 2019թ. փետրվարի 28-ի ուշ երեկոյան՝ 22:00-ի սահմաններում, նրան դուրս են տարել խցից՝ թույլ չտալով, որ վերցնի անձնական իրեր կամ հագուստ, նստեցրել են մեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Կեսգիշերին Աբոսզոդան արդեն եղել է Ադրբեջանի տարածքում: