Արգենտինայում բռնաբարված 11-ամյա աղջիկն իշխանությունների արգելքի պատճառով ստիպված է եղել ծննդաբերել
Արգենտինայում բնակվող 11-ամյա աղջիկը, որը հղիացել էր բռնաբարության հետևանքով, ստիպված է եղել ծննդաբերել, քանի որ երկրի իշխանությունները նրան արգելել էին արհեստական ճանապարհով ընդհատել հղիությունը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, իշխանություններն անտեսել են բռնաբարված աղջկանից, նրա ընտանիքից ու իրավապաշտպան խմբերից ստացած բազմաթիվ խնդրանքները, որոնք վերաբերում էին հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատելու թույլտվության տրամադրմանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ երեխան հղիության 23 շաբաթում կեսարյան հատման է ենթարկվել, սակայն բժիշկները ենթադրում են, որ նորածինը ողջ մնալու շատ քիչ շանսեր ունի:
Աղջիկը հղիացել էր իր 65-ամյա տատիկի զուգընկերոջ բռնաբարության հետևանքով: Հղիության ընթացքում նա ինքնասպանության երեք անհաջող փորձ է կատարել:
«Ուզում եմ, որ հեռացնեք այն, ինչն ինձ տվել է այդ ծեր մարդը»,-ինքնասպանության փորձերից հետո հիվանդանոցի հոգեբանին խնդրել էր աղջիկը:
Նա պատմել էր, որ 2015թ. ի վեր ապրել է տատիկի խնամակալության ներքո, մինչդեռ նրա երկու ավագ քույրերը սեռական բռնության են ենթարկվել մոր զուգընկերոջ կողմից:
Հայտնի է, որ հղիության արհեստական ընդհատումն ապօրինի է Արգենտինայում: Բացառություն է արվում միայն այն դեպքերում, երբ հղիությունը վտանգ է ներկայացնում կնոջ առողջության համար կամ բռնաբարության հետևանք է: Սակայն, թե ինչու տվյալ պարագայում օրենքը չի գործել, հայտնի չէ:
Իրավապաշտպաններն աղջկա հետ կատարվածը բնորոշել են «երեխայի նկատմամբ ամենասարսափելի դաժանության դրսևորում»: