Մերձմոսկովյան քննչական մեկուսարանից անհետացել է Ադրբեջանի իշխանությունների կողմից փնտրվող Ֆահրադին Աբասովը
Փետրվարի 27-ին Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքի քննչական մեկուսարանից անհետացել է Ադրբեջանի իշխանությունների կողմից որոնվող Ֆահրադին Աբասովը։ Նա թալիշների ազգային շարժման ակտիվիստ է։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Amnesty International-ի տվյալներով՝ փետրվարի 27-ին իրավապահ մարմինների ինչ-որ աշխատակիցներ եկել են մեկուսարան եւ ներկայացրել Գլխավոր դատախազության պաշտոնական նամակը, որով կարգադրվում էր ազատ արձակել Աբասովին։ Նրանք ընդդիմադրին տարել են իրենց հետ։ Միեւնույն ժամանակ, նրա անձնական իրերը մնացել են մեկուսարանում։ Փետրվարի 28-ին, ժամը 15.00-ին պետք է տեղի ունենար Աբասովի գործով դատական նիստը։ Դատարանը, նրա անհետացման պատճառով, այն տեղափոխել է մարտի 18-ին։ Աբասովի գտնվելու վայրի մասին այս պահին ոչինչ հայտնի չէ, ասված է Amnesty International-ի հաղորդագրությունում։
Իրավապաշտպանները կարծում են, որ Աբասովը կարող է հանձնված լինել Ադրբեջանին։
Ինչ վերաբերում է Ֆահրադին Աբասովի անձին, ապա նա թալիշական ազգային շարժման ակտիվիստներից է։ Երկար տարիներ նա ապրել է Մոսկվայում, կալանվել է 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Լյուբերցիում՝ ադրբեջանական իշխանությունների հայցադիմումով։ Նա մեղադրվում է «արտասահմանյան կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ» «սահմանադրական կարգը բռնի փոխելու հանրային կոչերի» համար (Ադրբեջանի Քր.օր. 281.2 եւ 283.1 հոդվածներ)։ Աբասովը Ալիքրամ Գումաթովի՝ ինքնահռչակ Թալիշ-Մուղանական Հանրապետության առաջնորդի զինակիցն է։ Պաշտոնական Բաքուն առայժմ չի մեկնաբանել տեղեկատվությունը Ադրբեջանին Աբասովի հնարավոր արտահանձնման մասին։