ՀՀ գլխավոր հյուպատոսի պատվին ընդունելություն է կազմակերպվել Գլենդելում
Փետրվարի 26-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանը, գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վարազդատ Պահլավունու և Ռազմիկ Ստեփանյանի ուղեկցությամբ, այցելեց Գլենդեյի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Զարեհ Սինանյանը ընդունելություն էր կազմակերպել՝ ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի:
Ընդունելությանը ներկա էին նաև Գլենդել քաղաքի խորհրդի անդամները, գանձապահը, քաղաքի իրավաբանը, մենեջերը, ոստիկանապետը, հրշեջ ծառայության պետը և քաղաքապետարանի այլ ծառայությունների ղեկավարներ:
Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ողջունելով ՀՀ գլխավոր հյուպատոսին, նշեց, որ Գլենդեյլի քաղաքապետարանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնություններին: Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը կարևորեց ՀՀ գլխավոր հյուպատոսության և Գլենդելի քաղաքային իշխանությունների միջև առկա բարեկամական և գործընկերային կապերի խորացումը: Դոկտ. Բայբուրդյանը նշեց, որ Գլենդելը, հանդիսանալով ԱՄՆ արևմտյան ափի ամենահայաշատ քաղաքը, յուրօրինակ դարպաս է Հայաստանի համար դեպի ԱՄՆ: Այդ առումով Գլենդեյլի հետ գործընկերային և բարեկամական կապերի զարգացումը կարևոր է ՀՀ գլխավոր հյուպատոսության համար:
Պարոն Սինանյանը գոհունակությամբ նշեց Գլենդեյի քաղաքային իշխանությունների և ՀՀ գլխավոր հյուպատոսության միջև ծավալված գործընկերային հարաբերությունների ամուր հիմքը, հավելելով, որը ներկայումս Գլենդեյն ունի Կապան և Գյումրի քաղաքների հետ քույր-քաղաքների մասին ստորագրված փաստաթղթեր: Դրանք, ըստ քաղաքապետի, կարոտ են գործնական ծրագրերի: ՀՀ գլխավոր հյուպատոսը խոստացավ օժանդակել այդ ծրագրերի կյանքի կոչմանը: