Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը՝ բանակցային գործընթացում Արցախի ներգրավման վերաբերյալ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխության և այդ գործընթացում Արցախի ներգրավման հետ:
Вестник Кавказа պարբերականի փոխանցմամբ՝ Հաջիևը հիշեցրել է, որ բանակցային գործընթացին մասնակցում են Ադրբեջանը և Հայաստանը՝ որպես հակամարտության կողմեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
«Բանակցային ձևաչափը փոխելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ բանակցային գործընթացը նպատակաուղղված փակուղի մտցնելու և տապալելու փորձ: Դրա
պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Հայաստանի վրա», – հայտարարել
է Հաջիևը:
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ բանակցային ձևաչափը հայտնի է, և դրա
փոփոխությունը չի կարող քննարկման առարկա լինել: Հաջիևի խոսքով՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած շփումները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումները գործող ձևաչափի ամենավառ վկայությունն են:
Հիշեցնենք, որ այս ամիս կառավարության ծրագիրն ԱԺ-ում ներկայացնելիս վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ մեր կարևորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում: