Եկատերինբուրգում խոստացել են բնակարանով օգնել հրդեհի ժամանակ երեխաների փրկած հային
Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսանդր Վիսոկինսկին խոստացել է զբաղվել Հայաստանի քաղաքացի, հրդեհից երեխաների փրկած, իսկ հետո փողոցում հայտնված Գեւորգ Ավետիսյանի ընտանիքի հետ կապված իրավիճակով։
«Հասկանալի է, որ օգնելու հնարավորություն ենք փնտրելու։ Օրենքի սահմաններում ամեն բան մենք, անպայման, կանենք»,- ասել է Վիսոկինսկին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին։
Ավետիսյանը Հայաստանի քաղաքացի է, նրա կինը՝ Տատյանան, եւ հինգ երեխաները ռուսաստանցի են։ Հունվարին տղամարդը դարձավ հերոս այն բանից հետո, երբ երեք երեխայի դուրս բերեց այրվող տնից։ Այն ժամանակ ԱԻՆ ներկայացուցիչները նրան երախտագիտական նամակ հանձնեցին եւ կրակմարիչ նվիրեցին։
Մեկ ամիս հետո պարզվեց, որ Ավետիսյանի ընտանիքը կարող է հայտնվել փողոցում։ Գեւորգը, Տատյանան եւ նրանց հինգ երեխաներն ապրում էին երկսենյականոց միհարկանի տանը Լենինյան շրջանում։ Մինչ այդ տունը պատկանել էր մի ձեռնարկության, որտեղ աշխատել է Տատյանայի պապը, բայց հետո տունն անցել է քաղաքապետարանի սեփականությանը, իսկ Ավետիսյաններին մերժել են սոցիալական վարձակալության պայմանագիր կնքելու հարցում։
2018 թվականին քաղաքային վարչությունը ընտանիքին վտարելու հայց է ներկայացրել։ Դատարանը որոշել է, որ Ավետիսյանները չեն ձեւակերպել բնակվելու եւ իրենց բնակարանի կարիքավոր համարելու մասին փաստաթղթերը եւ բավարարել է հայցը։ Բարձրագույն ատյանի դատարանները նույնպես հաստատել են առաջինի դատավճիռը։ Ընտանիքն ստիպված պետք է լինի ազատել բնակարանը։