Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը շարժիչի պատճառով վթարային վայրէջք է կատարել Ուֆայում
Ուֆայից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ուֆայի օդանավակայանում, հաղորդում է RT հեռուստաալիքը: Հայտնի է, որ Boeing 737-500 ինքնաթիռը պատկանում է UTair ավիաընկերությանը:
Օդանավակայանի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը՝ շարքից դուրս է եկել ձախ շարժիչը: Այդ մասին օդաչուն հայտնել է օդանավակայանին օդ բարձրանալուց րոպեներ անց:
Օդ բարձրանալուց շուրջ 20 րոպե անց օդանավը, որում եղել է 123 ուղևոր, բարեհաջող վայրէջք է կատարել:
Ավելի ուշ ուղևորները Մոսկվա են մեկնել այլ օդանավով: