Եկատերինբուրգում այրվող տնից երեք երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանի ընտանիքին վտարել են կացարանից
Եկատերինբուրգում բնակվող Գևորգ Ավետիսյանին, որը հունվարին այրվող տնից 3 երեխաների էր դուրս բերել, ընտանիքի հետ վտարել են բնակարանից՝ պարզաբանելով, թե նրանք այնտեղ բնակվելու իրավունք չունեն, գրում է РИА Новости-ն: Թաղապետարանից հայտնել են, որ տարածքը, որտեղ բնակվելիս է եղել Ավետիսյանների ընտանիքը, քաղաքապետարանի սեփականությունն է:
Ավետիսյանը կնոջ և 5 երեխաների հետ բնակվել է Եկատերինբուրգի Լենինյան շրջանում գտնվող փայտե միհարկանի տնակում: Գևորգը պատմել է գործակալությանը, որ տունը կիսավեր վիճակում է: Այն մի անգամ հրդեհվել է, ապա վերանորոգվել, և ընտանիքը շարունակել է ապրել այնտեղ:
«Հետո տունը պետք եկավ քաղաքապետարանին... Թղթերը ձեռքներին եկան՝ խնդրելով ազատել տարածքը: Մենք, բնականաբար, հրաժարվեցինք, որից հետո նրանք դատարան դիմեցին, շահեցին դատն ու վռնդեցին մեզ: Մենք էլ մեր հերթին բողոքարկեցինք որոշումը շրջանային դատարանում, սակայն որոշումը կայացվեց հօգուտ իշխանությունների»,- ասել է Ավետիսյանը:
Գործակալությունը պարզել է, որ տունը Գևորգի կնոջ՝ Տատյանայի պապին է հանձնվել «Սվերդլեսմաշ» ձեռնարկության կողմից, որից հետո ընտանիքի անդամները հաստատվել են այնտեղ: 2016թ.-ին դատարանը ճանաչել է Տատյանայի և իր ժառանգների՝ տանը բնակվելու իրավունքը, սակայն «կացարանում բնակվելու օրինական հիմքերի բացակայության պատճառով» մերժել են ընտանիքի հետ սոցիալական վարձույթի պայմանագրի կնքումը:
2018թ.-ին դատարանը բավարարել է քաղաքային իշխանությունների հայցը՝ որոշումը հիմնավորելով ընտանիքի մոտ կացարանից օգտվելու իրավունքն ապացուցող փաստաթղթերի բացակայությամբ:
Գևորգը հայտնել է նաև, որ իրենց բնակարանն ազատելու համար ժամանակ չեն տրամադրել, ինչպես նաև իշխանությունները մերժել են ընտանիքին կարիքավոր ճանաչելու դիմումը:
«Մեզ ասում են, որ պաշտոնապես հողակտոր կհատկացնեն, սակայն 6 տարի է՝ հերթի մեջ ենք, ու դեռ ոչինչ չեն տվել:
Ասում են՝ դուք Ռուսաստանի քաղաքացի չեք: բայց չէ՞ որ դա երեխաների համար է, ոչ թե ինձ համար»,- հավելել է տղամարդը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բազմազավակ ընտանիքը փողոցում չի հայտնվի. Տատյանան կացության թույլտվություն ունի քրոջ բնակարանում, սակայն բնակարանն ընդամենը 30 քառ. մետր է, և քույրն էլ ուրախ չէ ընդունելու բազմազավակ ընտանիքին:
Հիշեցնենք, որ հունվարին 30-ամյա Գևորգ Ավետիսյանը հրդեհի ժամանակ այրվող տնից 3 երեխայի էր փրկել: Նա մեքենայով անցնելիս էր եղել տան մոտով և նկատել էր հրդեհը, ապա կանգ էր առել և շարժվել այրվող տան ուղղությամբ: Տեսնելով, որ ինչ-որ մեկը պատուհանից այն կողմ ձեռքով է անում, նա շտապել էր ներս և դուրս բերել երկու 12-ամյա աղջիկներին ու 10-ամյա տղային: Երեխաներից ոչ ոք չէր տուժել: Համոզվելով, որ տանն այլևս ոչ ոք չկա, նա երեխաներին հարևանուհու մոտ էր տարել:
Ցուցաբերած խիզախության համար տղամարդուն շնորհակալական նամակ էին հանձնել և կրակմարիչ նվիրել: