Փաշինյանը հանդիպելու է Ալիևի հետ՝ առանց օրակարգի
Մեր կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է: Այս մասին Թեհրանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց դրա կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը: Քանի դեռ ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, շփումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի:
Ես խոսում եմ Հայաստանի անունից, որովհետև ՀՀ վարչապետն եմ, չեմ խոսում Արցախի անունից, որովհետև Արցախն ունի իր իշխանությունը: Բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը: Պետք է ամեն ինչ անենք, որ Ղարաբաղը բանակցային գործընթացի սուբյեկտության նոր մակարդակ ունենա»,- ասել է վարչապետը՝ նշելով նաեւ, որ Ղարաբաղի նկատմամբ որևէ սպառնալիքի դեպքում միասնությունը կրկնապատկվելու է: