Եկատերինբուրգում այրվող տնից երեք երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանը դատարանի առաջ է կանգնել ծեծկռտուքի պատճառով
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում բնակվող Գևորգ Ավետիսյանը, որն այրվող տնից 3 երեխայի էր փրկել, հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ կնոջ բարեկամների հետ ծեծկռտուքի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, մեղադրանքի համաձայն՝ Ավետիսյանն ընկերոջ հետ միասին 2018-ի սեպտեմբերին ծեծի է ենթարկել կնոջ քրոջ ամուսնուն՝ Մուրադ Գինոսյանին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գևորգի և Մուրադի միջև հարաբերությունները նոր չեն լարվել: Նրանց միջև հակամարտության պատճառը բնակարանային խնդիրն է: Նրանք ընտանիքներով բնակվում են երկու բնակարանից կազմված ընդհանուր տանը:
Նշվում է, որ Գևորգի պաշտպանները փորձում են ապացուցել, որ վերջինս կապ չունի Մուրադ Գինոսյանին ծեծի ենթարկելու հետ: Ավետիսյանն ինքը հայտարարել է, որ բարեկամը մշտապես սադրում է իրեն և ոստիկանություն է կանչում ցանկացած պատրվակով:
Գևորգ Ավետիսյանին մինչև 12 տարի ազատազրկում է սպառնում «Կազմավորված խմբով մարդու առողջությանը կանխամտածված վնաս պատճառելու» մասին հոդվածով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվում էր, որ Գևորգ Ավետիսյանին կնոջ և 5 երեխայի հետ դուրս են անում այն բնակարանից, որտեղ նա բնակվում է կնոջ քրոջ ընտանիքի հարևանությամբ: