Մխիթար Հայրապետյանն ու Լոս Անջելեսի հայ համայնքի հոգևոր առաջնորդներն անդրադարձել են Սփյուռքում հայապահպանության ու հայեցի դաստիարակության խնդիրներին
Երևան վերադարձից առաջ՝ ԱՄՆ այցիս վերջին օրը, կրկին հագեցած ստացվեց. վաղ առավոտյան այցելեցի Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ ջերմ ընդունելության արժանացա գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Զրույցից հետո գլխավոր հյուպատոսի հետ ուղևորվեցինք հանդիպելու Լոս Անջելեսի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին՝ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարանում հանդիպեցի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերետերյանի, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմում՝ թեմակալ առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդարանում՝ սրբազան Միքայել Մուրադյանի հետ: Հյուսիսային Ամերիկայի Ավետարանական եկեղեցիների միության հովվապետ վերապատվելի Պերճ Ջամբազյանին հանդիպեցի երեկոյան՝ համայնքի հետ հանդիպման շրջանակներում:
Հոգևոր առաջնորդների հետ հանդիպումներին քննարկեցինք կրթական, մշակութային տարբեր հարցեր, անդրադարձանք Սփյուռքում հայապահպանության ու հայեցի դաստիարակության խնդիրներին, համայնքային միջոցառումներին երիտասարդների ներգրավվածության բարձրացմանն ուղղված քայլերին և այլն»: