Էրդողանը խորհուրդ է տվել քրդամետ կուսակցության համանախագահին լքել երկիրն ու հաստատվել Իրաքյան Քրդստանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սեզաի Թեմելլիին, կոչ է արել նրան լքել երկիրն ու հաստատվել Իրաքյան Քրդստանում, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Էրդողանի բարկության պատճառը Սեզաիի՝ Թուրքիայի տարածքում Քրդստանի մասին արած արտահայտությունն է եղել:
«Թուրքիայում Քրդստան կոչվող շրջա՞ն կա: Խնդրեմ, տեսեք, թե ինչ է ասում. «Քրդստանում մենք ենք հաղթելու» (նկատի է ունեցել ՏԻՄ ընտրությունները - tert.am): Թուրքիայում ես նման շրջան չունեմ: Մենք ունենք Հարավ-արևելյան Անատոլիա, Արևելյան Անատոլիա, Սևծովյան շրջանը, Միջերկրական ծովի, Էգեյան ծովի առափնյա շրջանները, բայց Քրդստան կոչվող շրջան չունենք: Դու Թուրքիայից գնա, Իրաքում Քրդստան անունով շրջան կա, գնա այնտեղ», - ասել է Էրդողանը:
Նա նաև մեղադրել է այլ ընդդիմադիր ուժերին՝ քեմալական ժողովրդահանրապետականներին ու ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցությանը, քրդամետների հետ համագործակցության համար:
Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները կկայանան մարտի 31-ին: